Ա՛յ դու չարաճճի…

ՀՐ

Ձեզ երբևիցե հետաքրքրե՞լ է’ ո՞րն է, այնուամենայնիվ, Հրանուշ Հակոբյանի այն անօրինակ էնտուզիազմի գաղտնիքը, որ դրսևորում է այս տիկինն իր աշխատանքում. մարդ պարզապես հիանում է նրա նախաձեռնողականությամբ, ավյունով ու բացառապես երիտասարդին հատուկ եռանդով. հաստատ շատերին հետքարքրած կլինի սույն անլուծելի դիլեման: Եվ ահա’ ամենևին էլ չի բացառվում, որ հարցի պատասխանը, վերջապես, գտնված է. «Արի տուն» ծրագրի շրջանակում սովորական դարձած «ատկատներն» են:

Այսպես’ պարզվում է’ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներից մի քանիսը սկսել են դժգոհել ծրագրի որակից, կազմակերպչական աշխատանքներից, գրաֆիկից և հատկապես, ուշադրությո՛ւն, իրենց հատկացվող սննդից։ Նրանց բողոքներից հայտնի է դառնում, որ իրենց շատ անորակ սնունդ են տալիս’ ինչ-որ բուտերբրոդներ’ թափանցիկության աստիճանի երշիկով ու պանրով։ Երեխաները բողոքել են նաև, որ չկարողանալով «բերան տալ» առաջարկվող սնունդը’ հաճախ ստիպված են լինում սեփական գրպանի հաշվին սնվել։

Ստեղծված իրավիճակի հակասականությունն այն է, սակայն, որ պարզվում է’ բյուջեից մարդկանց արժանապատիվ սննդի գումար, այնուամենայնիվ, հատկացվում է, պարզապես գումարներն այդ մսխվում են, ու արդյունքում’ ծրագրի մասնակից երեխաներին ոչ մի բան էլ չի հասնում։ Տեղեկատվության կարգով նշենք, որ սննդի հարցերով զբաղվում է Հրանուշ Հակոբյանի ենթականերից Դավիթ Շահբազյանը, ով նախարարության համապատասխան ԾԻԳ-ի ղեկավարն է։

Այն, որ գոյության առաջին իսկ օրվանից սկսած’ «Արի տուն»-ը հասարակական ու փորձագիտական շրջանակում դիտարկվում է որպես առնվազն վիճելի ծրագիր,նորություն չէ. որևիցե այլ բանի համար Հրանուշ Հակոբյանն իր կյանքում այնքան շատ չի քննադատվել, որքան’ սույն նախագծի: Ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ բոլոր մտավախությունները’ կապված պետական փողերը զուր տեղը «քամուն տալու» հետ, արդարացված դուրս եկան, և այդ ծրագրի շնորհիվ ոչ միայն չավելացան հայրենադարձության դեպքերն, այլև տեղի ունեցավ հակառակ պրոցեսն, ու բոլոր այն ակնկալիքները, թե ծրագիրն այս էապես կարող է բարձրացնել հայրենիքի գրավչությունը Սփյուռքի շրջանում, սին դուրս եկան, ինչի պատճառներն, անշո՛ւշտ, նախևառաջ ներհայաստանյան էին:

Ասել կուզի’ եկավ մի պահ, երբ այլևս այս ծրագրի դադարեցումն արդարացված կլիներ, իսկ ազատ մնացած միջոցներն էլ կարող էին ուղղորդվել շատ ավելի արդյունավետ ու միգուցե ոչ այսչափ ծախսատար ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Բայց, ինչպես պարզվեց, Հրանուշ Հակոբյանը, «երկու ոտքը դրած մի կոշիկի մեջ», շարունակեց պնդել իրենն, ու ծրագիրն այս այդպես էլ չկասեցվեց, ինչը, հատկապես մերօրյա սուղ պայմաններում, երբ բյուջեի ամեն մի «կոպեկը» հաշված է, դարձել է կատարյալ պատուհաս ոչ միայն տեղացիներիս, այլև, ինչպես վերը փաստվեց, նաև եկվորների համար: Ուրեմն’ ո՞րն է Հակոբյանի’ այս ծրագրի նկատմամբ տածած մեծ սիրո գաղտնիքը, մի՞թե ոչ «ատկատները». մարդն իր համար «լևի» եկամտի աղբյուր է գտել ու փաթաթել ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի վզին ու այսպես հանգիստ խղճով ապրում է: Մեկի երշիկն է պակասեցնում, մյուսի հացը, իսկ ազատ մնացած միջոցներով էլ’ ինքն իրեն պարգևատրում. բա հո չոր աշխատավարձի հույսին չի՞ մնալու, ամոթ է, ինչ կմտածեն իր մասին Կառավարությունում…

Իհարկե, չենք ցանկանա այնպիսի տպավորություն ստեղծվի, թե մարդուն զրպարտում ենք, բայց նման ենթադրությունների տեղիք, համաձայնե՛ք, հաստատ, կատարվածը տալիս է. դժվար թե Հակոբյանի ղեկավարման ձիրքը չբավարարեր’ վերահսկողության տակ պահելու համապատասխան ԾԻԳ-ը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *