Ադրբեջանական բանակի հզորության միֆը

timthumb (2)

Իսրայելական «Մաարիվ-ա-Շավուա» թերթը հրապարակել է մի տեղեկատվություն, համաձայն որի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝ բողոքելով հրեական «Aeronautics Defense Systems» զենք արտադրող ընկերությունից, որի օպերատորները հրաժարվել են «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկը ուղղել հայկական դիրքերի վրա: Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ «Aeronautics Defense Systems»-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա: Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ: Սա խոսուն և վառ ապացույցն է այն բանի, որ «մարտունակ» ադրբեջանական բանակի մասին խոսակցությունները ընդամենը միֆ են, Ապրիլյան պատերազմն էլ՝ վառ ապացույց: Ադրբեջանական բանակում անգամ սպայական կազմը զենքից օգտվելու տարրական կանոններին չի տիրապետում, իսկ ահռելի քանակությամբ գնված զինտեխնիկան ադրբեջանցիների փոխարեն գործարկում են արտադրող երկրների ներկայացուցիչները:

2007-2008 թթ. Ադրբեջանն Իսրայելին պատվիրել էր 4 հատ «Aerostar» եւ 10 հատ «Hermes-450» տիպի ԱԹՍ-ներ: Համացանցային ոչ ստույգ տվյալներով՝ Ադրբեջանի սպառազինության մեջ, բացի նշված երկուսից, կա նաեւ «Orbiter» ԱԹՍ: Սրա եւ «Aerostar»-ի արտադրողը իսրայելական «Aeronautics Defense Systems» ընկերությունն է: Իսկ «Hermes-450»-ինը՝ «Elbit Systems»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Silver Arrow»-ն:2009-ին «Aeronautics Defense Systems»-ն ու Ադրբեջանը համաձայնագիր էին կնքել ԱԹՍ-ների գործարան կառուցելու մասին: 2011-ի մարտին կայացել էր «AZAD Systems» ձեռնարկության բացումը, որը կոչված էր «Orbiter-2M» եւ «Aerostar» սարքերի մասերի արտադրությանը: Հատկանշական է, որ 2010 թ. Գազայի ափերի մոտ թուրք-իսրայելական կոնֆլիկտից ու այդ երկրների ռազմական համագործակցության տապալումից հետո Իսրայելը հրաշալի հնարավորություն ստացավ իր արտադրանքը վաճառելու Ադրբեջանին (նշենք, որ «Aeronautics Defense Systems»-ն Իսրայելում ԱԹՍ արտադրող երրորդ խոշոր ձեռնարկությունն է «Israel Aerospace Industries»-ից ու «Elbit Systems»-ից հետո):   

Ադրբեջանի կողմից նորագույն զինտեխնիկայի գնումները դեռևս հաղթանակի երաշխիք չեն, կարևորը մարտական գործողությունների ճիշտ կազմակերպումն է, որին ՀՀ ԶՈՒ-ն տիրապետում է փայլուն կերպով: Ադրբեջանի սպառազինությունում թեև առյուծի բաժինը ռուսական զենքինն է, բայց կա նաեւ տարբեր այլ երկրներից գնված զենք: Սակայն կա այդ զենքի սպասարկման, օգտագործման հարց, կան տեխնիկական նրբություններ, որոնց ադրբեջանական կողմը չի տիրապետում և դժվար է ասել, թե որքանով է Ադրբեջանը պատրաստ այդ զենքերն օգտագործել ըստ նշանակության:Նորագույն տեխնիկայի գնումները դեռևս հաղթանակի երաշխիք չեն: Արցախյան պատերազմի առաջին փուլում ադրբեջանցին զինված էր տանկերով, իսկ մենք ընդամենը ավտոմատ ունեինք, և արդյունքը պարզ տեսանք: Եվ չնայած այս տագնապալից ազդանշաններին, Իլհամ Ալիևը շարունակում է խոսել Արցախյան հակամարտության ռազմական լուծման մասին: Նա դեռևս հույսե՞ր է կապում իր բանակի հետ: Այդ դեպքում՝ նա ավելի լավ է՝ ականջ դնի միջազգային փորձագետներին, որոնց գնահատականները միանշանակ վկայում են. ադրբեջանական բանակն այդպես էլ բանակ չի դարձել:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *