Ադրբեջանի ազդեցությունը ԵՄ-ում մեծ է. եվրապատգամավորը կոչ է անում քննել կոռումպացված աջակիցների ողջ ցանցը

timthumb (2)

Ադրբեջանի մասին վերջին սկանդալային բացահայտումներն ապացուցում են, որ ոչ մի նորմալ փոխգործակցություն եւ առավել եւս որեւէ համաձայնագիր չի կարող լինել Ադրբեջան պետության հետ: Նման համոզմունք հայտնեց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումները, մասնավորապես՝ «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալը, որի գործով Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսելու:

«Նախորդ շաբաթ քննարկման էր դրվել Արեւելյան գործընկերության անդամ երկրների շրջանում կառավարման վերաբերյալ ընդունված զեկույցում փոփոխություն կատարելու հարցը: Փոփոխությունը, որն ընդունվեց լիագումար նիստում,  շատ հստակորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Եվրոպական գործիչներին կաշառելու պետական քաղաքականությունը: Այն  նաև կոչ է անում հետաքննություն անցկացնել Եվրամիության հաստատություններում Ադրբեջանական վճարումների կամ այլ կոռուպցիոն դեպքերի գործով: Հետաքրքիր է, որ քչերը դեմ քվեարկեցին, եւ դժվար է պատկերացնել, որ առանց Ադրբեջանի կողմից որեւէ ճնշման»,-ընդգծեց նա:

Եվրախորհրդարանի պատգամավորի հավաստմամբ՝ եւ այս, եւ նախորդող բացահայտումները պարզապես ցույց են տալիս, թե ինչ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը Եվրամիության անդամ պետությունների շրջանում: Եվ սա է գլխավոր պատճառը, թե ինչու պետք է մանրամասնորեն քննել Եվրամիության հաստատություններում եւ անդամ պետություններում Ադրբեջանի կոռումպացված աջակիցների ողջ ցանցը:

«Ես  հիշում եմ նաեւ  բուլղարացի լրագրողի բացահայտումները Ադրբեջանի դիվանագիտական չվերթների մասին՝ իրականացված տարբեր տեսակի ապօրինի եւ դատապարտելի գործարքների համար: Այդ լրագրողն ընդհուպ կորցրեց աշխատանքը: Հունգարիայի հետաքննող լրագրողներն էլ բացահայտել են, որ Պանամայի փաստաթղթերից ստացված տվյալների հիման վրա Հունգարիայում օֆշորային հաշիվներին միլիոնավոր եվրոներ են փոխանցվել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից դեռեւս ամիսներ առաջ: Փոխանցումները տեղի են ունեցել նախկինում գոյություն ունեցած ընկերությունների միջեւ, որոնք շատ արագ անհետացել են: Անհնարին է պարզել, թե կոնկրետ ով՝ որպես ֆիզիկական անձ, ում է վճարել,  սակայն փաստերն այնպիսինն են, որ այժմ ոչ մի կասկած չկա, որ Սաֆարովի արտահանձնումը գնված էր: Սա պետք է Հունգարիայի իշխանությունների համար առիթ լինի մանրակրկիտ հետաքննություն իրականացնելու համար, եթե իհարկե այս գործով զբաղվելու համարձակություն ունեցող  իշխանություն մնացել է այդ երկրում»,- եզրափակեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *