Ադրբեջանի զորավարժությունը հաջորդ անգամ օդուժի օգտագործման մեսիջ է Հայաստանին

adr

Արդեն տեղեկացրել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղեկալ Վարուժան Ավետիսյանը մեկնաբանելով հակառակորդի գործողություններն՝ ասաց, որ իրենք ցույց են տալիս, որ հաջորդ անգամ, պայմանականորեն ասած՝ «քառօրյայի» ժամանակ, կիրառելու են նաև օդուժ, նախորդ անգամ չկիրառեցին, դա մնաց պակաս, դա էլ են կիրառելու։

«Եթե մենք պետություն ունենայինք՝ մեր քայլը պետք է լիներ համայն հայության ռազմական, տեխնիկական, մարդկային ռեսուրսների մոբիլիզացիան և հակառակորդին վերջնական ջախջախիչ հակահարված տալը։ Իսկ քանի որ, ցավոք սրտի, մենք այս պահին չունենք պետություն՝ բառի ամբողջական իմաստով, քանի որ պետության և բանակի ղեկավարը և առհասարակ քաղաքական շերտը այնպիսի մարդկանցից է բաղկացած, որ պատրաստ են իրենց աթոռները պահելու դիմաց մասնակցել պայմանավորված պատերազմի միջոցով ազատագրված տարածքները հանձնելու դավադրությանը, ինչպես նաև զուգահեռաբար մաս առ մաս հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը, բնականաբար մենք, եթե այսպես շարունակվի և այս իշխանությունները մնան՝ հերթական և ավելի ծանր հարվածը կստանանք և ավելի մեծ կորուստներ կունենանք»,- ասաց Ավետիսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ սա ոչ միայն հոգեբանական ազդեցություն է, այլ այդ երկիրն ուղղակի պատրաստվում է։ Ինչպես, օրինակ, շաբաթներ առաջ կատարած մեծ զորավարժությունը և իրենց պաշտպանության նախարարի հստակ խոսքն այն մասին, որ իրենք մշակում են երեք ուղղությամբ ճեղքելու ծրագիր, ընդ որում, մեկը Նախիջևանից։ «Նրանք գաղտնի չեն պահում, բացահայտ ասում են։ Եթե ունենք այն, ինչ ունենք, ուրեմն կպարտվենք։ Պետք է ունենալ այն, ինչ անհրաժեշտ է, այսինքն՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, ինչի համար էլ հարկավոր է փողոց դուրս գալ, ընդվզել, վռնդել այս հանցավոր ռեժիմը և հաստատել ժողովրդի իշխանությունը»,- այս կարծիքին է ընդդիմադիր գործիչ Վարուժան Ավետիսյանը։

Նշենք նաև, որ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին:

Նելլի Ավետիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *