Ադրբեջանն իր դիրքերն առաջ չի բերել մեր տարածքի հաշվին․ Զանգակատան համայնքապետ

timthumb (9)

Համացանցում ակտիվորեն քննարկվում է Զանգակատան համայնքի հարակից տարածքում ադրբեջանական դիրքերի առաջխաղացման թեման և որպես աղբյուր նշվում է համայնքապետ Հովհաննես Կարապետյանի անունը։ 

Ըստ մամուլի հրապարակման՝ Կարապետյանը փոխանցել է, թե Ադրբեջանական կողմն իր դիրքերը Զանգակատան հաշվին առաջ է բերել, ինչը խիստ վտանգի տակ է դրել նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց կյանքը։

Զանգակատան համայնքապետը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում  հերքեց իր անվան տակ հրապարակված տեղեկությունը, ընդգծելով, որ այդ դիրքերն Ադրբեջանն իր տարածքում է առաջ բերել։

«Այդ ամենը տեղի է ունեցել ապրիլ-մայիս ամիսներին, այն էլ իրենց տարածքում, նրանք մեր տարածքի հետ գործ չեն ունեցել։ Կարող եմ նաև նշել, որ չնայած ամռան ամիսներին, լարվածություն հիմա չկա, նոր ինչ-որ բան չկա,  ամեն ինչ բնականոն հունով ընթանում է»,- մանրամասնեց համայնքապետը։

Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտանգությանը՝ համայնքապետն ասաց․ «Կա մոտ 20 ՀԱ տարածք, որտեղ ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանցիների առաջխաղացումից հետո մեր և հակառակորդի միջև ընկած տարածությունը փոքրացել է։ Սակայն որևէ արտառոց բան դա իրենից չի ներկայացրել, պարզապես մարդիկ, բնականաբար, մի փոքր մտավախություն ունեն, որ կրակոցներ կարող են լինել, ու շատ հնարավոր է այդ հողատարածքները անմշակ մնան»։ 

Նշենք, որ այս թեմայի շուրջ հրապարակումներին անդրադարձել էր նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, որ Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել։

Արմինե Միքայելյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *