Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, օրվա ընթացքում, Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում 4-5 ուժգին պայթյուն է լսվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեհովիտի համայնքապետ Լևոն Գրիգորյանը:
«Երեկ կես ժամը մեկ պարբերականությամբ պայթյուններ լսվեցին, սակայն ոչ մի վտանգ չկա: Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դա եղել է Ադրբեջանի տարածքում: Սակայն, թե ինչ է եղել, չեմ կարող ասել: Մեր դիրքերին, որքանով ես տեղյակ եմ, ոչինչ չի եղել»,- ասաց Լևոն Գրիգորյանը:
Գյուղապետը նշեց՝ պայթյունից ցնցվել են տների պատուհանները, բայց ոչ մի վնաս բնակիչները չեն կրել:
Պայթյունների ձայները լսվել են Տավուշի մարզի սահմանամերձ այլ բնակավայրերում եւս, բայց գյուղերում ոչ մի վնաս չի եղել:
Բնակիչների կարծիքով, քանի որ այդ տարածքում ադրբեջանական զինուժը հրաձգարան ունի, հնարավոր է՝ նոր զինատեսակներ են փորձարկվել: