Ազնավուրը մատնանշեց կոռուպցիայի իրական հասցեատիրոջը…

timthumb

Ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը կրկին հանդես է եկել ՀՀ իշխանություններին ուղղված սուր քննադատությամբ: «Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ: Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես՝ այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»,-ասել է Ազնավուրը: Շառլը հասկացնում է, որ կոռուպցիան վերացական, վիրտուալ հասկացություն չէ և ունի կոնկրետ հասցեատեր` Հայաստանի իշխանությունը, որը դրա աղբյուրն է, նաև պատասխանատուն, որ չկա իրական պայքար կոռուպցիայի դեմ:
Ազնավուրն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարություններով: Դա է ճշմարիտ մտավորականի կեցվածքը՝ թեկուզ մռայլ գույներով, սակայն բարձրաձայնել երկրում տիրող իրավիճակի մասին: Իսկ այդ իրավիճակը նորություն չէ ոչ մեկի համար, նույնիսկ՝ Հայաստանի իշխանության: Նորությունը թերեւս այն է, որ Հայաստանում սովոր չեն, որ մտավորականը կարող է նման հայտարարություններ անել, այն էլ՝ պետական պաշտոն զբաղեցնող մտավորականը: Հիշեցնենք, որ Ազնավուրը Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում:
Հայաստանում այլ բան է ընդունված, մտավորականների մասով: Նրանք պարտավոր են քննադատել «արտաքին թշնամուն», եւ իշխանությանը պաշտպանել «ներքին թշնամուց»: Արտաքին թշնամիները, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, նրանք են, ովքեր քննադատում են ՀՀ իշխանություններին, իսկ ներքին թշնամիները նրանք են, ովքեր խոսում են երկրի կյանքի տարբեր ոլորտների խնդիրներից, բողոքում անօրինականություններից ու ամենաթողությունից, խոսում սահմանադրական կարգ հաստատելու անհրաժեշտությունից: Նրանք մասնակցում են իշխանության ընտրական արշավներին, մատ թափ տալիս սեփական ժողովրդի վրա, արդարացնում անօրինականությունները եւ այլն: Առաջին անգամը չէ, որ Ազնավուրը հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական ուղենիշներից էականորեն տարբերվող տեսակետներ է հայտնում, հանդես գալիս իշխանությանն ուղղված քննադատությամբ, ինչը, որքան էլ տեղին լինի, դուրս է դեսպանի ֆունկցիաների շրջանակից: Բայց սա իրականում Ազնավուրի խնդիրը չէ, այլ նրան այդ առաքելությունը վստահողի, նրան այդ պաշտոնը վերապահողի: Հանրապետության նախագահը, Ազնավուրին այդ պաշտոնում նշանակելիս, ըստ ամենայնի, առաջնորդվել է նրա անունը, «բրենդը» Հայաստանի շահերին և հեղինակությանը ծառայեցնելու, նրա միջոցով գուցե անհաղթահարելի թվացող շատ պատեր ճեղքելու մղումներից ելնելով: Բայց հաշվի չի առնվել Ազնավուրի` ստեղծագործող լինելու, և իբրև այդպիսին` բնականորեն ըմբոստ ոգի ունենալու, անհրաժեշտության դեպքում առանց կաշկանդումների պոռթկալու հնարավորության հանգամանքը: Ի վերջո՝ հաշվի չի առնվել, որ ի պաշտոնե դեսպանի գործառույթների, պարտավորությունների շրջանակը կարող է նեղ լինել նման անհատականության համար:
Ազնավուրը մարմնավորվում է ոչ միայն իր, այլ նաև սփյուռքի` Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Դժգոհությունը ասվում է` փոփոխության հույսով, ցավով ու լավը դարձնելու կամությամբ:Կարծում ենք` մեզ լավը դարձնել ուզող սփյուռքը մեզ հազար անգամ ավելի պետք է, քան մեր թերությունների վրա մեզ հետ աչք փակողը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *