ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների խաղադրույքի համար ընկերությունների տուգանքները բարձրացնելու նախագիծը

timthumb (4)

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների կողմից խաղադրույք կատարելու համար տուգանքները շեշտակի բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 94 պատգամավոր:
 
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Կառավարության կողմից եղել են առաջարկներ, որոնք մենք քննարկման առարկա կդարձնենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Առաջարկները վերաբերում են յուրաքանչյուր դեպքի հաջորդականության իրավական ճիշտ ամրագրմանը, ինչպես նաև լոտոների կարգավորմանը ՝ որպես գործունեության առանձին տեսակ»,- ասաց Ֆարմանյանը:
 
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անչափահասներից առաջին անգամ խաղադրույք ընդունելու համար նախատեսված 100 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանել 2 միլիոն դրամ տուգանք: Եթե այդ խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվում է երկրորդ անգամ, կիրառվում է տուգանք 5 միլիոն դրամի չափով: Եթե երրորդ անգամ է կրկնվում խախտումը, տուգանքը լինում է 10 միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից, ինչը ընկերության համար ենթադրում է 500 միլիոն դրամի տուգանք, որովհետև լիցենզիա ձեռք բերելու համար նախատեսված վճարը հենց այդքան է
 
Նախագծով առաջարկվում է փոխել նաև վիճակախաղերին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների տարիքային շեմը: Գործող օրենքով վիճակախաղերին մասնակցելու և տարբեր բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք, խաղատներ այցելելու իրավունք՝ 21 տարին լրացած անձինք: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վիճակախաղերից ևս օգտվելու իրավունք կունենան 21 տարին լրացած անձինք, ինչպես խաղատների դեպքում է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *