ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը

timthumb (3)

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը։ Նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 6, դեմ՝ 76 պատգամավոր:

Մինչ այդ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը բացասական եզրակացություն էր տվել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Խորհրդարանի լիագումար նիստում հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ելույթի համար 3 րոպե ժամանակ տրվեց հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որից հետո ելույթ ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, ով ընդգծեց, որ հանձնաժողովում քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ «Ելք»-ի պատգամավորների փաստարկները հիմնավոր չեն: «Մենք փաստել ենք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը հնարավորություն է Հայաստանի համար, որը պետք է օգտագործել երկրի տնտեսությունը զարգացնելու համար: «Իհարկե, տեմպերը գոհացուցիչ չեն, սակայն մենք գիտենք, որ որևէ տնտեսական միություն չի կարողացել 1-2 տարվա ընթացքում միանգամից կայանալ: Մենք խորապես վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը կայացվել է լուրջ քննարկումների արդյունքում և Հայաստանի համար դա շահեկան որոշում էր»,- ընդգծեց Նաղդալյանը:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության հետ համագործակցության արհեստական հակադրությունը ճիշտ չէ՝ վստահություն հայտնելով, որ դա գիտակցում են նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես եկած «Ելք» խմբակցության պատգամավորները:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *