ԱԺ-ն վերսկսել է պետական բյուջեի քննարկումները

timthumb

Հայաստանի խորհրդարանը վերսկսել է ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հակիրճ ներկայացրեց պատգամավորների և պատգամավորական խմբակցությունների կողմից ստացված առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունը: Նա ընդգծեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությունը ստացել է 110 առաջարկ պատգամավորներից և պատգամավորական խմբակցություններից: «Ներկայացված է ամփոփաթերթը, որտեղ պատգամավորները կարող են տեսնել մեր եզրակացություններն այդ առաջարկների վերաբերյալ: Պետք է նշեմ, որ մեկ խմբակցությունից ենք ստացել առաջարկներ, մնացածը անհատ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկներ են»,- ընդգծեց Արամյանը:

Նա նշեց, որ առաջարկների առաջին խումբը, որոնք գերակշռում են, վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, համայնքային տարբեր խնդիրների: «Մենք, իհարկե, ամենևին չենք նսեմացնում համայնքային խնդիրները և, կարծում եմ, 2018թ. ըստ առաջնահերթությունների կանդրադառնանք այդ խնդիրներին: Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ունեն մեր համայնքները: Դրանք վերաբերում են ճանապարհներին, տարբեր ջրագծերի վերանորոգմանը և այլն: Մենք բազմիցս ասել ենք, որ երկրում կան սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ, սակայն մեր հնարավորություններն էլ սահմանափակ են»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ կառավարությունը խիստ պահպանողական է լինելու դեֆիցիտի ավելացման մասով, քանի որ պարտքի կայունությունը՝ որպես մակրոտնտեսական կառավարման հիմնական գործիք, իրենց համար խիստ նախապատվելի է: «Այդ առումով մենք չենք գնալու մոտեցման, որպեսզի թույլ տանք դեֆիցիտը հսկողությունից դուրս գա»,— նշեց Վարդան Արամյանը:

Պատգամավորների առաջարկների երկրորդ խումբը վերաբերել է սոցիալական և առողջապահական ոլորտներին հատկացվող գումարների ավելացմանը՝ առանց նշելու ծրագրեր, որոնց հաշվին գումարները կարող են ավելանալ: «Մենք տվել ենք եզրակացությունը: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ բյուջեի միջոցները ձևավորվում և ծախսվում են ըստ առաջնահերթությունների և ծրագրային ուղղությունների: Այսինքն, եթե մենք ցանկանում ենք ծախս ավելացնել, պետք է հստակ նշենք, թե որ ծրագրի համար ենք ծախսերն ավելացնում և ինչ արդյունք ենք ունենալու դրա արդյունքում»,- մանրամասնեց նախարարը:

Առաջարկների երրորդ խումբը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը: «Խոսքը ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի  ավելի ագրեսիվ աճ նախատեսելու, ճյուղային կառուցվածքի փոփոխությունների մասին է: Սրա վերաբերյալ էլ մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները, եթե բաց հարցեր մնան, պատրաստ ենք պարզաբանել»,- նշեց Վարդան Արամյանը:

Առաջարկների չորրորդ խումբը վերաբերում է այս կամ այն ծրագրերի համար գումարներն ավելացնելուն՝ առանց հստակ չափ նշելու: «Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսվող գումարը պետք է խիստ չափողական լինի: Մեզ համար պետք է հստակ լինի, թե ինչ արդյունք ենք ունենալու այս կամ այն ծրագրի իրականացումից»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *