Ալավերդիում «ասողներ» են փոխվում

timthumb

Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանում է մի շարք թեժ օջախներ: Ընտրություններ կանցկացվեն 69 համայնքներում, և դրանցից մեկն էլ լինելու է Լոռու մարզի Ալավերդի քաղաքը: Հատկապես վերջին ամիսներին՝ այս քաղաքի անունն առավելապես հիշատակվում էր քրեական խրոնիկայում` կրակոցներ, սպանություններ, հաշվեհարդարներ: Ասել, թե սա առողջ մթնոլորտի գրավականն է, առնվազն ծիծաղելի կլինի: Եվ հիմա՝ նման լարվածության պայմաններում, ընտրությունների գնալը հեշտ գործերի շարքում չէ: Այնուհանդերձ, Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր 2 թեկնածու՝ անկուսակցական Նիկոլայ Դավթյանը, ով շատ արագ ինքնաբացարկ ներկայացրեց և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի. կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սասուն Խեչումյանը: Մինչ այս՝ Ալավերդիում քննարկվում էր գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանի հնարավոր թեկնածությունները: Ի դեպ, վերջինս Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանի զարմուհին է: Նա Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու է եղել և հավաքելով 4 հազար 722 ձայն՝ պատգամավոր չի ընտրվել: Ընտրական օրենսգրքի պահանջով, մինչև թեկնածուների գրանցումը պետք է առաջադրված լինի երկու թեկնածու: Հետագայում, ինքնաբացարկի համար սահմանված ժամկետում նրանք կարող են հրաժարվել հետագա պայքարից: Արդյունքում, շատ համայնքներում՝ մեծ մասամբ քաղաքներում ՀՀԿ-ի թեկնածուները պայքարում միայնակ են մնացել: Ալավերդին ևս բացառություն չէ:
Գաղտնիք չէ, որ անցած բոլոր ընտրություններում հանրապետականների միջեւ մարզում խուլ հակամարտություն է եղել Ալավերդու համար, մարզի ազդեցիկներից յուրաքանչյուրը ձգտել է իր իշխանությունը հաստատել, իր քաղաքապետերն ու համայնքապետերն ունենալ, դառնալ տարածքի «ասողը»։ 2015-ի Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, օրինակ, մարզպետը պաշտպանում էր Փարեմուզյանին։ Նրան էր աջակցում նաեւ Վահագն Աբգարյանը՝ իր թիմով, իսկ այսօր արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Շարմազանովն աջակցում էր երիտասարդ Արթուր Աբգարյանին՝ «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանի եղբորը։ Կարեն Փարեմուզյանը, սակայն, որը «Հարավկովկասյան երկաթուղու» Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն էր, մոտ երկու հազար ձայնով հաղթեց Աբգարյանին, ինչը հակամարտության պատճառ դարձավ։ Այսպիսով, եթե դիտարկենք Ալավերդիում սպասվող ընտրությունները զուտ ներկուսակցական պայքարի պրիզմայից, ապա այստեղ պայքարը ավելի շատ յուրայիններին առաջ տանելու համար էր, որտեղ Էդուարդ Շարմազանովն, ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ զիջեց դիրքերը:
Նախորդ ընտրություններում ՀՀԿ որոշումը՝ սատարել Կարեն Փարեմուզյանին, Շարմազանովի սրտով էր: Փարեմուզյանին համարում են նրա մարդը՝ ի տարբերություն հակընդդեմ թեկնածու Արթուր Աբգարյանի, ով նույնպես իշխանության սիրելին էր, սակայն այս անգամ ստիպված էր զսպել սեփական ախորժակը: Այնուհանդերձ, ընտրություններն այնքան էլ խաղաղ չանցան, դրանից հետո էլ Ալավերդին մշտապես օրվա քրեական խրոնիկայի կիզակետում էր հայտնվում: Այս անգամ ՀՀԿ-ն կանգ առավ Խեչումյանի թեկնածության վրա: Սասուն Խեչումյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ Ալավերդու քաղաքապետ եղած տարիներին քաղաքապետարանի իրավաբանն էր, մեկուկես տարի առաջ պաշտոն էր ստացել մարզպետարանում։ Կարող ենք փաստել, որ այս անգամ ներկուսակցական պայքարի համատեքստում Ալավերդու ընտրությունները կավարտվեն հօգուտ գործող մարզպետի, սակայն կշահի՞ արդյոք դրանից Ալավերդու բնակչությունը…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *