Ալեքսանյանը նոր ռեկորդ է սահմանել…

timthumb (8)

Այն, որ մեր դաժան իրականության մի անքակտելի մասնիկն էլ արտոնյալ խավի գոյությունն է  Հայաստանում, գաղտնիք չէ և ոչ մեկի համար: Այսպես եղել է, այսպես կա ու կլինի: Նորություն չէ նաև այն, որ այդ արտոնյալների առաջին շարքերում է գտնվում գործարար Սամվել Ալեքսանյանն, ում՝ Հայաստանում ունեցած բիզնես արտոնությունների մասին ուղղակի լեգենդներ են շրջանառվում. այս իմաստով Ալեքսանյանին բացառիկ հաջողակ պետք է համարել, հաջողակ, ում բիզնես հաջողությունների հիմքում, սակայն, ընկած է սովորական ճարպկությունը՝ հաճախ զարմանալի ու որևիցե վերլուծության չենթարկվող:

 

Հիմա էլ բանից պարզվում է՝ Ալեքսանյանին պատկանող  «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի բոլոր 17 խանութները միասին վերցրած՝ քաղաքապետարանի  բյուջե է մուծում ընդամենը 38 մլն դրամ՝ չնչին գումար, որ սահմանված է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կողմից:

 

Թե ինչպես կարող է մի ողջ բիզնես կայսրություն բյուջե մուծել նույնիսկ 100 հազար դոլար չկազմող գումար, մեղմ ասած՝  այնքան էլ պարզ ու հասկանալի չէ:   Ենթադրելի է, որ «ավելորդ» գումար «զուր» տեղը «դուրս չտալու» համար այստեղ ևս Ալեքսանյանն իր կապերն է գործի դրել ու կարողացել հասնել նրան, որ թվով 17 առևտրի կենտրոնների համար նույնքան գույքահարկ մուծվի բյուջե, որքան կմուծեին, ասենք, մի քանի միջին ծավալների առևտրային կենտրոններ: Ի դեպ՝  պետության հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորություններից խուսափելու նպատակով  Ալեքսանյանի մշակած յուրատեսակ բանաձևերն իրոք որ անգերազանցելի կարելի է համարել. Ալեքսանյաններին պատկանող բոլոր բիզնեսները ներառված են «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մեջ, ինչի արդյունքում անհնար է դառնում իրական պատկերացում կազմել, թե կոնկրետ «Երևան Սիթի»-ները տարեկան որքան եկամուտ են ստանում, որքան գումար է շրջանառվում առևտրային այդ խոշոր կետերում:

 

Հաճախ է խոսվում Հայաստանում արմատացած աղքատությունն ու չքավորությունն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին: Խոսելն, իհարկե, խոսում են ու այն էլ ինչպես, ինչ եռանդով, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի օգնում՝ պատկերացում կազմելու, թե
հատկապես ի՞նչ եղանակով, ինչպե՞ս են բարի ցանկությունները կյանքի կոչվելու:

 

Հասկանալի է, չէ՞, որ վերոնկարագրյալ կենսափիլիսոփայությամբ հեռուն չես գնա… Օրենքի գերակայություն է անհրաժեշտ՝ անկախ սրա-նրա կուսակցական պատկանելիությունից:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *