Ալթունյանը տնտեսում է հիվանդների հաշվի՞ն…

timthumb (10)

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մոտ 300 շահառուներ, արդեն տևական ժամանակ՝ բողոքում են պետության կողմից անվճար հիմունքներով իրենց տրվող հայկական արտադրության «Օլանզապին» դեղի որակից, և պահանջում այն փոխարինել նախկինում իրենց տրված ամերիկյան կամ այլ երկրի արտադրության «Զիպրեքսիա» դեղով: Սակայն հիվանդների դժգոհություններն առայժմ մնում են անարձագանք: 2015-2016 թվականներին Առողջապահության նախարարության կողմից իրականացված պետական ծրագրի շրջանակում Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի 300 շահառուները ստացել են «Զիպրեքսիա» դեղորայք և փաստում են, որ դրա ազդեցությունն իրենց վրա դրական է եղել: 2016 թվականի ծրագիրը 2017 թվականի փետրվարին ավարտվել է, և այդ օրվանից սկսած՝ Առողջապահության նախարարությունը նրանց առաջարկում է տեղական արտադրության «Օլանզապին», և որպես հումանիտար օգնություն՝ այլ երկրներից ներկրված դեղորայք, որոնցից հիվանդները դժգոհ են:

Ստացվում է, որ Առողջապահության նախարարը հոգեկան խնդիրներ ունեցող 300 շահառուներին ուղղորդում է Սևանի և Նուբարաշենի հոգեբուժարաններ ու էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի է վերածում…Աշխարհում «Զիպրեքսիա»-ից էլ ավելի արդյունավետ դեղեր կան, որոնք կարելի է ընդունել շաբաթը մեկ անգամ, սակայն դրանք մեր երկրում գրանցված չեն: Ինչու՞: Ի դեպ, «Զիպրեքսիա» դեղին փոխարինող, նոր՝ «Օլանզապին» դեղամիջոցը, ըստ Hetq.am-ի հետազոտության, արտադրում է հայկական «Արփիմեդ» ընկերությունը, որի գլխավոր տնօրենը Վաչագան Ղազարյանն է։ Նրան են պատկանում ընկերության բաժնետոմսերի 97%-ը, իսկ մնացած 3%-ը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդի, Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արտակ Հարությունյանին։ Գուցե հենց սա՞ է հարցի պատասխանը…

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *