Ահազանգ. ահա թե ինչպիսի սոսկալի պայմաններում են աշխատում շտապօգնության աշխատակիցները (լուսանկարներ)

timthumb (2)

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բրիգադներով:

 

Շուրջօրյա գործում են 36 բրիգադներ, որոնցից 23-ը՝ գծային, 10-ը՝ վերակենդանացման, 1-ը՝ հոգեբուժական, 2-ը՝ ֆելդշերական։ Ըստ ենթակայանների՝ բրիգադները բաշխված են՝ «Կենտրոն» ենթակայան և ևս 7 ենթակայանների, որոնք սպասարկում են Երևանի բնակչությանը՝ ըստ համայնքների:

 

Շտապ բուժօգնության թիվ 4 ենթակայանի շենքը, որը գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալի մոտ և սպասարկում է Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններին, գտնվում է հակահիգիենիկ ու աղետալի վիճակում: Ասվածի վառ ապացույցն է ԼՈւՐԵՐ.com-ի կողմից արված լուսանկարները: Շենքը ջեռուցման համակարգ չունի, աշխատակիցները ձմռանը սենյակները տաքացնում են էլեկտրական սալիկով (պլիտա), սանհանգույց ու մնացած սենյակներ մտնելը մեծ ջանքեր են պահանջում: 

 

Բացի անմարդկային պայմաններից, թիվ 4 ենթակայանը, որը սպասարկում է Էրեբունի համայնքը, Արեշը, Նուբարաշենը, Ջրաշենը, Վարդաշենը, Խարբերդը՝ մասնակի, ընդամնեը 4 բրիգադ ունի, ինչը բավական դժվարացնում է աշխատանքը, քանի որ այդքան մեծ տարածք սպասարկելու համար՝ հատկացված 4 բրիգադը չափազանց քիչ է: Բժիշկները հանգստանալու հնարավորություն գրեթե չեն ունենում. մինչև հասցնում են մի կանչից վերադառնալ և փոքր-ինչ հանգստանալ, մյուս կանչն է գրանցվում: Նշենք, որ հիշյալ ենթակայանի 4 բրիգադն իր ամբողջ անձնակազմով օրական մոտավորապես 70-90 կանչ է իրականացնում: Բուժանձնակազմը ստանում է մոտավորապես 100-160 հազար դրամ աշխատավարձ:

 

Ի դեպ՝ նման սարսափելի պայմաններում են աշխատում գրեթե բոլոր 7 ենթակայանների աշխատակիցները, նույն անբարեկարգ վիճակն է տիրում մնացած բոլոր ենթակայաններում, մեկում մի քիչ ավել, մյուսում՝ պակաս, բացի Շտապբուժօգնության Կենտրոն ենթակայանից, որում առկա են հրաշալի պայմաններ՝ վերանորոգված սենյակներ, սանհանգույց, ջեռուցման համակարգ և այլն:

 

Քաղաքացիները հաճախ են բողոքում շտապօգնության աշխատակիցների ուշացումից, միջին բուժանձնակազմի (բուժքույր) անբարեհամբույր, դժգոհ, շատ հաճախ՝ կոպիտ վերաբերմունքից: Իսկ ի՞նչ պետք է սպասել նման պայմաններում աշխատող բուժանձնակազմից: Բժշկական ոլորտը Հայաստանում գտնվում է վատթարագույն վիճակում: Այդ պայմաններում մեղադրել բժիշկներին, որ նրանք չեն ժպտում, մաքսիմալ հոգատարություն չեն ցուցաբերում հիվանդի նկատմամբ կամ կանչերին գնում են, կոպիտ ասած, անհավես, առնվազն ազնիվ չի լինի… Նախ պետք է մտածել այդ նույն բժիշկների համար մարդկային պայմաններ ստեղծելու մասին, ապա նոր խոսել բժշկական ոլորտում սպասարկման որակը բարձրացնելու և բարձրակարգ բուժօգնություն իրականացնելու մասին:

 

Քրիստինա Աղալարյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *