Ահազանգ. Շիկահողի արգելոցում շուրջ 40 թանկարժեք ծառ է հատվել

timthumb

Օրերս Շիկահողի արգելոցի տարածքում Մազրա գետի ափին հատվել է շուրջ 40 ծառ: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հայտնեց «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:

Ըստ նրա տեղեկությունների, դրանք եղել են 30-80 սմ տրամագիծ ունեցող տարբեր տեսակի թանկարժեք ծառեր՝ 70-80 տարեկան կաղնի, բոխի և այլն: Ավելին, Նարինե Կիրոկոսյանն անգամ տվյալներ է հայտնում ծառահատումն իրականացրած անձի մասին՝ նշելով, որ դա նույն մարդն է, ով 2015թ.-ին ևս անօրինական ծառահատումներ է իրականացրել նույն տարածքում:

Արգամ Նահապետյան անունով ռեյնջերը Շիկահող արգելոցի Ծավ գյուղի շրջանում «վերահսկողություն» իրականացնող անձն է, ով էլ, ըստ Նարինե Կիրակոսյանի, հենց պատասխանատուն է ապօրինի ծառահատումների: Դեռ 2015թ.-ին մնալով անպատիժ, վերջինս շարունակում է իր գործունեությունը:  Նշենք, որ մոտ երկու տարի առաջ հրապարակվեցին լուսանկարներ և տեսանյութ անօրինական ծառահատման դեպքի մասին, սակայն դեպքը մինչ այժմ բացահայտված չէ: Նարինե Կիրակոսյանը պնդում է, որ այս հրապարակումից հետո իրեն բազմիցս սպառնացել են:

Շիկահողի արգելոցը հանդիսանում է խիստ հսկվող հատուկ պահպանվող տարածք: Հիշեցնենք, որ 2016թ.-ին ևս ահազանգ է հնչեցվել ծառահատումների դեպքի մասին (վերոնշյալ լուսանկարներ): Այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունն ու «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը հերքեցին արգելոցի տարածքում ծառահատման մասին լուրերը՝ պնդելով, որ ծառահատում իրականացվել է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *