Աղետալի վիճակում ապրող ծերերի կյանքը չի փոխվի. տնօրենը միանգամից հարցերը չի կարող լուծել

timthumb (1)

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մի քանի ամսում փոխելն անհնար է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի վերընտրված տնօրեն Վահան Զուրաբյանը:

Հարցին՝ արդյոք տեղյակ չի՞ եղել, որ տուն-ինտերնատի խնամյալների հանդեպ վատ վերաբերմունք են դրսևորվել, նույնիսկ ծեծել, տնօրենը նշեց․ «Նկատել եմ նման բան աշխատակիցների կողմից և պատժել եմ նրանց՝ նկատողություն անելով։ Չեմ բացառում նաև այն, որ տարեց մարդիկ են ու չի բացառվում, որ կարողանան աշխատակցին հունից հանել, սակայն գտնում եմ՝ պետք է կարողանան հանդուրժել»,- նշեց նա:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի դիտարկմանը՝ վերջերս հրապարակված տեսանյութը նկարագրում էր թե ինչ աղետալի և հակահիգիենիկ պայմաններում են ապրում ծերերը, արդյոք դա ենթադրում է, որ տուն-ինտերնատի տնօրինությունը հրատապ միջոցներ կձեռնարկի բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ. վերընտրյալ տնօրենը տվեց խիստ խուսափողական, հարցը շրջանցող և լղոզված պատասխան.

«Ես դեռևս երեք ամիս է այստեղ եմ, օր օրի մի քայլով գնում ենք առաջ, բայց միանգամից բոլոր հարցերը լուծել հնարավոր չէ»։

Մեր մեկ այլ դիտարկմանը, թե տեսանյութից ակնհայտ է դառնում ոչ սանիտարական վիճակը, սակայն տնօրենը պնդեց, որ չի ուզում քննարկել այդ տեսանյութը, քանի որ չի ընդունում նման մոտեցում, որն, ըստ իրեն, այլ տարրեր է պարունակում։

Վահան Զուրաբյանն անդրադարձավ նաև տուն-ինտերնատի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին․ «Առաջնահերթ եմ համարում տուն-ինտերնատի տարածքում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բնակիչները կարողանան զբաղվել ձեռնարկատիրական աշխատանքով։ Կարևոր եմ համարում նաև ակումբի վերանորոգման հարցը, որպեսզի խնամյալները հնարավորություն ունենան տարբեր միջոցառումների: Շատ եմ կարևորում տուն-ինտերնատում ապրող հաշմանդամների հարցը, քանի որ պետք է շենքը հարմարեցնել նրանց։ Խաղասենյակի մի մասը նախատեսվում է սարքել skype-ի սենյակ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հաղորդակցվել իրենց հարազատների հետ»։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *