Ամեն մեկին` իրենը…

իրեն

Հայաստանում գործող կուսակցությունների, քաղաքական ուժերի’ ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշի վերաբերյալ հնչող գնահատականներն ու կարծիքները, թերևս, բազամազան են: Ոմանք պնդում են, թե չնայած գրեթե մեռյալ քաղաքական դաշտին’ դեռևս, այնուամենայնիվ, մնացել են ուժեր, կուսակցություններ, որոնց ժողովուրդը վստահում է, որոնց օգտին’ քվեարկում: Ոմանք էլ չեն դադարում կրկնել, թե իրականում Հայաստանում չի մնացել գեթ մեկ կուսակցություն, որ ժողովրդի աչքում վարկաբեկված չլինի, չկա որևիցե քաղաքական ուժ, որ կարողանա բացառապես ժողովրդի վրա հենվելով’ մտնել խորհրդարան:

Սովորաբար քաղաքակիրթ աշխարհում նմանատիպ հարցերին պատասխան որոնելիս՝ ընդունված է դիմել սոցհարցում կատարող կազմակերպություններին, որոնք, համապատասխան մեթոդոլոգիայով անցկացվող հարցումների, հասարակական կարծիքի ուսումնասիրությունների շնորհիվ տալիս են մոտավոր պատկերն այն բանի, թե ինչ է կատարվում հասարակությունից ներս:

Բոլորովին վերջերս «Գելլափ» ընկերության հայաստանյան կազմակերպությունը անցկացրել էր համապատասխան հարցումներ և ներկայացրել տվյալներ այն մասին, թե ինչպես են պատասխանել Հայաստանի քաղաքացիները առաջիկա կիրակի խորհրդարանի ընտրություն լինելու դեպքում իրենց վերաբերմունքի մասին հարցին: Եվ ահա այդ տվյալներից պարզ է դառնում, որ քաղաքացիների 32%-ն առհասարակ հրաժարվել է պատասխանել սույն հարցին, իսկ 41%-ն էլ հայտարարել է, որ ընտրություն կատարելու դեպքում ոչ մի կուսակցության էլ ձայն չէր տա, իսկ ահա հարցվածների 27%-ը կարողացել է ինչ-որ կուսակցությունների անուն տալ ու հայտնել իր համակրանքը իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների նկատմամբ:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե 27%-ի ձայները ինչպես են բաշխվել կամ դրա արդյունքում ո՞ր կուսակցությունն է առաջին տեղը բռնել’ կցանկանայինք ձեր ուշադրությունը կենտրոնացնել մեկ այլ, ըստ մեզ՝ շատ ավելի կարևոր հանգամանքի վրա. հարցվածների 41%-ը (չհաշված’ 32%-ը) չափազանց կատեգորիկ պատասխան է տվել’ դրանով իսկ, ըստ էության, իր դժգոհությունն արտահայտելով երկրից, կառավարիչներից ու նրանց ընդդիմախոսներից, ողջ համակարգից. ինչո՞ւ:

Հարցի պատասխանը, թերևս, թաքնված է մեր իրականության մութ անցքերում: Ցավոք, ստացվել է այնպես, որ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող բոլոր կուսակցությունները ժողովրդի շրջանում ունեցած վստահության իրենց լիմիտը վաղուց սպառել են, ինչը հետևանք է չկատարած խոստումների, վատ կառավարում իրականացնելու, մի բան հայտարարելու, իսկ հետո տրամագծորեն հակառակն անելու, հեղափոխություններ խոստանալու, բայց հետո հակառակ թևի մասին քաղցր-մեղցր խոսքեր շռայլելու, երկիրը ծայրաստիճան աղքատության մեջ գցելու ու էլի նմանատիպ բացասական երևույթների:

Հետաքրքրականն այն է, որ իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունները գուցե ավելի շատ, քան իշխանականները, գցել են իրենց վարկանիշը ժողովրդի շրջանում, ու հիմա հասարակությունը, զզված բոլորից, հիասթափված, իր ինքնատիպ բողոքն է հայտնում այս ամենի վերաբերյալ:

Մեր խորին համոզմամբ’ սա պետք է յուրօրինակ ազդակ դառնա հայաստանյան բոլոր կուսակցությունների համար’ անխտիր, ազդակ դառնա’ գիտակցելու ու մեկընդմիշտ ըմբռնելու այն հանրահայտ ճշմարտությունը, որ ժողովուրդն իմաստուն է բոլորից’ անգամ իրեն ամենքից խորամանկ կարծողներից ու շատ լավ հասկանում է’ ով՝ ով է, որ քաղաքական ուժն՝ ինչ է իրենից ներկայացնում.բոլորը զրո են նրա աչքերում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *