Ամեն մեկն՝ իր շահի հետևից…

պուտին

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանը շարունակում է մնալ համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված է Երևանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձություններով: Այն, որ զինված հարձակման հետևանքով մեր երկիրն այսպես, թե այնպես հայտնվելու էր աշխարհի ուշադրության կենտրոնում, ինչ խոսք, կանխատեսելի էր, բայց որ միջազգային արձագանքը տեղի ունեցողին կարող էր նման մասշտաբների հասնել, անկեղծ ասած, անսպասելի էր:

Վստահ ենք, որ աշխարհի այնպիսի սոլիդ լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են օրինակ Reuters-ը, BBC-ն, Al Jazeera-ն, The Sun-ը, The Mirror-ը, Eurasianet.org-ը, RT-ն, RIA Novosti-ն, Interfax-ը, Gazeta-ն, TASS-ը, ուկրաինական Korrespondent.net-ը, հայաստանյան դեպքերի՝ այսչափ օպերատիվ լուսաբանումը պայմանավորված է ոչ միայն կամ նույնիսկ ոչ այնքան լրագրողական հետքրքրասիրությամբ, որքան աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների՝ Հայաստանում ունեցած կոնկրետ շահերով, ինչի արդյունքում էլ արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի մասին պատմող ռեպորտաժներն ու հոդվածները չեն իջնում առաջին հորիզոնականներից:

Ամենահետքրքրականն այս ամենում, սակայն, այն է, որ երբ փորձում ես հասկանալ լրատվամիջոցների կողմից Հայաստանին վերաբերող նյութերում կատարած շեշտադրումների էությունը, գիտակցում ես, որ դրանք, միգուցե ի զարմանս շատերի, բավական տարբեր են. տարբեր են շեշտադրումները արևմտյան ԶԼՄ-ներում, տարբեր՝ ռուսականներում:

Եթե ռուսական ԶԼՄ-ներն, օրինակ, երևանյան ողբերգական իրադարձությունները հաստատապես որակում են ահաբեկչություն՝ միանշանակորեն դատապարտելով բռնի գործողություններն, ապա արևմտյան ԶԼՄ-ներն ավելի շատ հակված են անդրադառնալ ու իրենց նյութերում շեշտել զինված հարձակումը ծնած պատճառները, շեշտելով զինյալների պահանջը՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին՝ նրան հաճախ համարելով քաղբանտարկյալ:

Ընդհանուր պատկերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ արևմուտքն, ի դեմս արևմտյան ԶԼՄ-ների, տեղի ունեցողն ավելի շատ հակված է կապել իշխանությունների սխալ քաղաքականության, քան ապստամբների կամայականության հետ: Ասել կուզի՝ արևմտյան ԶԼՄ-ները փորձում են տեղի ունեցողը նրբորեն օգտագործել որպես անհերքելի փաստարկ այն բանի, որ իշխանությունների վերջին տարիների քաղաքականությունը ձախողվել է, իսկ կիրառվող բռնության մեջ քիչ չէ նաև երկրի քաղաքական ղեկավարության դերը:

Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներին, ապա դրանք, գլխավորապես արտահայտելով պաշտոնական Մոսկվայի տեսակետը, աչքի են ընկնում իշխանություններին աներկբա սատարող ենթատեքստով. Մոսկվային բացարձակապես ձեռնտու չեն ներհայաստանյան ցնցումներն այն պահին, երբ վճռական փուլ են մտել ղարաբաղյան բանակցություննրն, իսկ իշխանություններն էլ, ըստ էության, պատրաստակամություն են հայտնել՝ գնալու ռուսներին ընդառաջ ու քննարկել հարցի կարգավորման փոխզիջումային տարբերակը:

Ինչպիսին էլ լինի օտարների վերաբերմունքը վերջին իրադարձություններին՝ ակնհայտ է, որ Հայաստանը, որպես պետություն, ամեն դեպքում այս ամենից կորցրած է դուրս գալու, հյուծված, ինչը ներկա փուլում կարող է ինչ–որ առումով ճակատագրական դառնալ մեր երկրի համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *