ԱՄՆ կոնգրեսականը՝ Սումգայիթի ջարդերի մասին

timthumb

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ հայտարարությամբ, որում դատապարտել է շուրջ 3 տասնամյակ առաջ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները:

«Ես այսօր ոգեկոչում եմ 31 տարի առաջ ադրբեջանցիների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ամենասարսափելի հարձակումներից մեկի՝ սումգայիթյան ջարդերի հիշատակը: 1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակվող հարյուրավոր հայ քաղաքացիներ սպանվել, բռնաբարվել, ստորացվել և նույնիսկ ողջակիզվել են զուտ էթնիկ պատկանելիության պատճառով: Անմեղ հայերի դեմ այս անհիմն բռնությունը հրահրվել է Ադրբեջանի քաղաքացիների և պաշտոնյաների հակահայկական, թշնամական հռետորաբանության պատճառով»,- նշել է Փալոնը:

Ամերիկացի կոնգրեսականը իր հայտարարության մեջ շեշտել է, որ ավելի քան երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում մարդկության դեմ այդ հանցագործությունները կոծկելու և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները քողարկելու համար: Կոնգրեսականը առավել անհանգստացնող է համարել այն հանգամանքը, որ այս դեպքերի և նման այլ վայրագությունների մեղավորներն Ադրբեջանի  կառավարության կողմից հռչակվել են ազգային հերոսներ:

«Չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչի եւ դատապարտի քաղաքացիական անձանց դեմ այս հարձակումները: Դրա համար էլ ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին` դատապարտելով այս սարսափելի կոտորածը: Ցավոք, Սումգայիթի ջարդերից մինչ այսօր ադրբեջանական կառավարության մոտեցումը հայ ժողովրդի նկատմամբ շատ չի փոխվել: Մենք դեռ լսում ենք նույն կոշտ հռետորաբանությունը և ականատես ենք Արցախի Հանրապետության ժողովրդին ահաբեկելու մարտավարությանը:
Եթե մենք չենք դատապարտում մարդկության դեմ հանցագործությունները և թույլ ենք տալիս, որ դրանք մնան անպատիժ ու չճանաչված,  ապա դրանով մենք միայն հզորացնում ենք նրանց, ովքեր ձգտում են ապագայում ևս այս հանցագործությունները կրկնել:  Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախաշեմին:

Ես կշարունակեմ աշխատել «Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի» իմ գործընկերների հետ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչելու և դատապարտելու  բռնության բոլոր գործողությունները այն մարդկանց հանդեպ, որոնք թիրախավորվել են զուտ իրենց գոյության պատճառով: Հուսով եմ, որ իմ գործընկերները կմիանան ինձ,  որպեսզի մերժենք կոշտ հռետորաբանությունն ու ահաբեկումը և վերահաստատենք համընդհանուր  խաղաղության հասնելու մեր հանձնառությունը», — ասվում է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հայտարարությունում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *