ԱՄՆ փոխում է մարտավարությունը Հայաստանում…

timthumb (15)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը  գտնում է, որ Հայաստանում դեռևս դժվար տնտեսական վիճակ է:

«Ես չեմ ուզում ձևացնել, թե դա այդպես չէ»,-հայտարարել է Միլզը՝ ասելով, որ, եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումները, ապա մարդիկ ավելի քիչ կլքեն երկիրը և կմնան Հայաստանում աշխատելու: Փաստացի դեսպանը արտահայտում է ԱՄՆ կառավարության դժգոհությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպերից և որակներից և նաև դրանով է պայմանավորում ահագնացող արտագաղթը:

Հիշեցնենք, որ հանրապետական կուսակցության կարկառուն անդամները, միմյանց հերթ չզիջելով, պնդում են՝ արտագաղթը որևէ կապ չունի տնտեսական վիճակի հետ: ԱՄՆ դեսպանը, ինչպես երևում է, հակառակ կարծիքին է:

Ընդ որում հասկանալի չէ, թե ԱՄՆ դեսպանի դժգոհության իրական հասցեատերը ով է՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը թե՞ Սերժ Սարգսյանը: Մի բան ակնհայտ է, ԱՄՆ դեսպանը մշտապես աչքի է ընկել հայաստանյան քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լավատեսական գնահատականներով, այժմ իրավիճակ է փոխվել, և, ինչպես ինքը դեսպանն է ասում, չի ցանկանում այլևս ձևացնել, որ ամեն բան կարգին է:

Արդյո՞ք սա որոշակի մեսիջ է ՀՀ իշխանություններին, որը նաև վերջնաժամկետ է սահմանում՝ բարեփոխումների հարցում դրական տեղաշարժի հասնելու համար:

Չի կարելի նաև բացառել, որ Միլզը տնտեսության վիճակին տրված իր սուր գնահատականով փորձել է ցույց տալ, որ իրավիճակը կարող էր ավելի հուսադրող լինել, եթե ՀՀ իշխանությունները չշրխկացնեին դուռը ԱՄՆ առաջարկությունների և կապիտալի դիմաց: Պատկառելի են ներդրումային ներուժի մասին հայտարարությունները, որոնք այս ընթացքում արել է ԱՄՆ դեսպանը, դրանք ուղղակի շատ հստակ և կոնկրետ քաղաքական մեսիջներ են Հայաստանի տնտեսության զարգացման, էներգետիկ անկախության և, պարզապես, ինքնիշխանության վերաբերյալ: Ընդ որում, ամենահատկանշականն այն է, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն հակադրվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, դեսպաններից որևէ մեկը նույնիսկ չի էլ ակնարկել այդ մասին, նույնիսկ թեթև չի շոշափել այն հարցը, որ Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ է, խնդիր և այլն:

Սակայն, ՀՀ իշխանություններն այս առաջարկությունների վերաբերյալ մինչ օրս քար լռություն են պահպանում: Հետևաբար, Միլզի գնահատականը կարելի է դիտարկել իբրև ԱՄՆ մարտավարության փոփոխության մեկնարկ, Վաշինգտոնն այլևս չի ձևացնելու, թե ամեն ինչ լավ է:

Սա նշանակում է, որ կարող ենք սպասել նոր հայտարարությունների, օրինակ՝ իր հաջորդ հայտարարության մեջ Միլզը կարող է անբավարար նշանակել հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին:

Հատկապես, որ դրա համար առկա են բոլոր օբյեկտիվ հիմքերը:

Ի դեպ, եթե ընտրական գործընթացի վերաբերյալ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու գնահատականը իշխող հանրապետական կուսակցությունում սվիններով ընթունեցին, ապա այս անգամ իրավիճակը այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ՀՀԿ ոչ պաշտոնական խոսնակի դերը ստանձնած Խոսրով Հարությունյանը ստիպված է համաձայնել, որ Միլզը ճիշտ էր:

«Հայտնի խոսք կա՝ կիսադատարկ բաժակ և կիսալիքը բաժակ, մոտավորապես, խոսքը դրա մասին է»- ասել է Հարությունյանը:

Այս պարագայում, իհարկե, անտարակուսելի է, թե որ կողմի համար է այն կիսալիքը, որի՝ կիսադատարկ:

 

Ստելլա Խաչարտյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *