Այլընտրանք Լարսին․ Վրաստանը լռում է, Հայաստանը՝ սպասում

timthumb (3)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանում կայացավ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու համար մեր երկիր են ժամանել կառավարական պատվիրակություններ աշխարհի մի շարք երկրներից։

Լրագրողնորի հետ զրույցում Վրաստանի է կոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գերոգի Չերկեզիշվիլին անդրադարձավ Վերին Լարսի հետ կապված խնդրին և նշեց, որ Լարսի խնդիրը Հայաստանը պետք է քննարկի իր հարևանների հետ, և թեև այս օրերին Երևանում անցկացվող «ՏՐԱՍԵԿԱ» հանձնաժողովի շրջանակներում Լարսի հարցը չի քննարկվել, սակայն այն գտնվում է Վրաստանի Տրանսպորտի նախարարության օրակարգում․ «Լարսին այլընտրանք գտնելու Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարբերակները քաղաքական հարցեր են և քաղաքական լուծումներ են պահանջում, և այս պահին Վրաստանը չունի որևէ իրավասություն քննարկում ծավալելու։ Վրաստանն, առհասարակ, զբաղվում է հիմնական և երկրորդական ճանապարհների և ենթակառուցվածքների զարգացմամբ և Լարսում իրականացվող շինարարական աշխատանքները, թունելի վերանորոգումը դրանցից մեկն են»,-ասաց վրաստանցի փոխնախարարն՝ ըստ էության՝ չտալով որևէ հստակ պատասխան՝ արդո՞ք Վրաստանը Հայաստանի հետ ճանապարհային հաղորդակցութան համար հիմնական լուծում՝ դիտարկում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի այլընտրանքային տարբերակը։

Լարսի խնդրին անդրադարձավ նաև նախարար Վահան Մարտիրոսյանը և նշեց, որ այս պահին, որևէ դրական տեղաշարժ այս հարցի ուղղությամբ չկա և Հայաստանը բավարարվում է միայն լաստանավերով փոխադրումներ իրականացնելու հնարավորությունով։

Հարցին՝ արդո՞ք Վրաստանի վարչապետի՝ օրերս կայացած հայաստանյան այցի ընթացքում քննարկվել է Լարսին այլընտրանք գտնելու հարցը, նախարարը պատասխանեց․ «Այդ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է։ Հայաստանն աշխատում է այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ և պետք է նշեմ, որ այլընտրանքը  միայն Հարավային Օսեթիայի և Աբխազիայի տարբերակները չեն, այս պահին մենք ունենք այընտրանքային լաստանավային փոխադրումների տարբերակը, որը շատ հաջող գործում է»։

Նախարար Մարտիրոսյանը նաև նշեց, որ այս պահին ավարտվել են Լարսի թունելում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նախագծային աշխատանքները և շատ շուտով կսկվի վերանորոգման աշխատանքներ։

Նշենք, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցը օրակարգ բերեց վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ մոտ մեկ տարի առաջ 2017 թվականի փետրվարին Թբիլիսի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո՛, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում»:

Այս հայտարարությունից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ և փակագծերը դեռ շարունակում են փակ մնալ։ Վերին Լարսին այլընտրանք գտնելու վերաբերյալ շարունակում է լռել վրացական կողմը և դեռևս անհայտ է՝ Ռուսաստանն ու Վրաստանը կարո՞ղ են այս հարցում գալ կոնսենսուսի՝ հանուն երրորդ երկրի։

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *