«Անկուսակցական լինելով ավելի լավ է ստացվում աշխատանքը». Չարենցավանի քաղաքապետն այլևս ՀՀԿ-ական չէ

timthumb

Հանրապետական կուսակցությունից առնետավազքը շարունակվում է։ Նրանց շարքերը լքել է նաև ՀՀԿ-ական, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շահգալդյանը՝ նշելով, որ ցանկություն չունի ընտրություններին մասնակցելու:

«Մեկ ամիս առաջ եմ դուրս եկել կուսակցությունից, երբ պարզ դարձավ, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանկան ընտրություններ։ Ընտրական գործընթացներին մասնակցելու ցանկություն չունեմ»,-ասաց նա։

Նախկին ՀՀԿ-ականը բացառեց իր՝ «Քաղաքացիական պայմանագրի» կամ այլ կուսակցությունների շարքերում հայտնվելը․ «Պարտադիր չէ՝ կուսակցական լինեմ. անկուսակցական լինելով ավելի լավ է ստացվում աշխատանքը, որևէ  պարտավորություն չունեմ, ուստի, կշարունակեմ իմ աշխատանքը»,-նշեց Շահգալդյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ են առաջացել Հանրապետական կուսակցության հետ, քանի որ մինչ այս ակտիվ մասնակցություն էր ունենում ընտրություններին, Շահգալդյանը պատասխանեց․ «Ես 2007թ․ ընտրվել եմ համայնքի ղեկավար, եղել եմ անկուսակցական։ Մոտ 5 տարի հետո անցել եմ Հանրապետական կուսակցության շարքերը, դարձել եմ կուսակցության անդամ, իսկ հիմա ընդհանրապես չեմ ուզում մասնակցել ընտրություններին»։

Իսկ թե ինչպես են ՀՀԿ-ից արձագանքել կուսակցությունից դուրս գալուն՝ Շահգալդյանն ասաց՝ այդ հարցով որևէ մեկի հետ չի խոսել․ «Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենան»։

Չարենցավանի փոխքաղաքապետ Վարդգես Չիլինգարյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը ևս լքել է Հանրապետական կուսակցությունը, սակայն պատճառների մասին նախընտրեց լռել․ «Դա իմ անձնական որոշումն է եղել։ Չեմ ուզում ընդարձակվել և այլ բան ասել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դեռևս որոշում չի կայացրել այլ կուսակցությունում հայտնվելու։

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո շատերը լքեցին ՀՀԿ շարքերը: Հակոբ Շահգալդյանն, այս առումով, բացառություն չէ։ Հակադրելով վերջինիս բերած պատճառաբանությանը, թե չի ուզում մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին, հարկ է հիշել ոչ վաղ անցյալում՝ դեռևս 2017թ․ ընտրություններին նրա ակտիվ մասնակցությունն ու անխոնջ պայքարը հանուն ՀՀԿ-ի։

Ի դեպ, այն ժամանակ մեծ աղմուկ էր հանել Շահգալդյանի մասնակցությամբ համացանցում հայտնված ձայնագրությունը, որտեղ Չարենցավանի քաղաքապետը համոզում էր քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

Ինչպես հայտնի է՝ Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև նախկին վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի որդին է։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *