Անուղղակի աջակցություն ահաբեկիչներին

ահաբ

Երեկ երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում չեմպիոների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպում էին անցկացնում Հայաստանի չեմպիոն Ալաշկերտը և Թբիլիսիի Դինամոն: Հանրապետական մարզադաշտը մոտ երկու կիլոմետր է հեռու ՊՊԾ գնդից, որտեղ ահաբեկիչները շարունակում են պատանդ պահել չորս ոստիկանի: Եթե Հայաստանի իշխանությունները թույլ են տվել, որ այս միջազգային հանդիպումն անցկացվի հանրապետականում ու, ասենք, ոչ թե ավելի հեռու գտնվող Հրազդան մարզադաշտում ակնհայտորեն վերահսկում են իրավիճակը և վստահ են, որ ահաբեկչությունը լոկալ բնույթ ունի ու սահմանափակվում է մեզ հայտնի կոնկրետ տարածքում: Այսքանով հանդերձ, հօդս է ցնդում ահաբեկիչների և նրանց կողմնակիցների հուլիսի 17-ի առավոտ կանուխ տարածած ասեկոսեն, թե Հայաստանում սկսվում է զինված ապստամբություն:

Դժվարությամբ կարելի է հասկանալ այս քաղաքացիներին, ովքեր Ոստիկանությունից, ԱԱԾ-ից պահանջում են արագ, կտրուկ գործողություններ: Ի վերո, դժվար է ապրել մի միջավայրում, որտեղ ահաբեկչության օջախը վնասազերծված չէ: Իհարկե արագ հանգուցալուծում պահանջող քաղաքացիներին հարկ է բացատրել, թե միշտ չէ, որ նպատակն արդարցնում է միջոցները: Տվյալ պարագայում «կամ-կամ»-ի երկընտրանք չկա: Անհրաժեշտ է ահաբեկչության վնասազերծումը և թե պատանդների ազատ արձակումը: Իսկ դրա համար ժամանակ ու համբերություն է պետք: Շատ ավելի հասկանալի է 200-300 քաղաքացու պահվածքը, ովքեր վերջին երկու օրերին հավաքվում են Ազատության հրապարակում, երթեր են անցկացնում կենտրոնական փողոցներում, ապա ուղևորվում են Խորենացի փողոցի արգելափակված տարածք, որտեղ ընթանում է հակաահաբեկչական օպերացիան:

Այդ մարդիկ իրավապահներից պահանջում են՝ չդիմել կոշտ մեթոդների, թեև առանց այդ պահանջի էլ ուժայինները բավարար զսպվածություն և համբերություն են պահպանում: Իրականում այդ մի քանի հարյուր քաղաքացու հրապարակային և ֆեյսբուքյան աղմուկը ազնիվ չէ: Հազիվ թե որևէ ակտիվիստի ավելի հետաքրքրի գեներալ Վարդան Եղիազարյանի, գնդապետ Վալերի Օսիպյանի կյանքն ու առողջությունը, քան նրանց վերադասի` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի:

Էլ չասած, որ քաղաքացիական ակտիվիստները չունեն մասնագիտական հմտություններ և չեն կարող պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ գործի դրվի ահաբեկիչների մոտ գտնվող մեծաքանակ զինամթերքը: Ոստիկանության, ԱԱԾ ղեկավարները գոնե առայժմ գործում են հավասարակշիռ ու հետևողական: Պետք չէ նրանց խորհուրդներ տալ արկածախնդրության ճանապարհով: Ավելի անկեղծ կլինի, որ մի քանի հարյուր մարդիկ քաջություն ունենան և խոստովանեն, որ իրենք անուղղակիորեն աջակցում են ահաբեկիչներին, մտահնոգ են նրանց կյանքի համար: Ճիշտ է, խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է, բայց երևույթն է տգեղ ու զազրելի: Լավ կլիներ, որ այդ մարդիկ ոչ թե այսօր ու ոչ թե մասնագետների, այլ հունիսի 17-ի վաղ առավոտյան կոնկրետ մարդկանց խորհուրդ տային ահաբեկիչ ու եղբայրասպան չդառնալ: Այդ դեպքում մենք այսօր հողին չէինք հանձնի պատվախնդիր սպա հայրենիքի համար հերոսաբար մարտնչած, բայց դավադիր գնդակից զոհված Արթուր Վանոյանին:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *