Աշխատավարձերը չեն բարձրանա, գնաճի տեմպերը չեն նվազի․․․

timthumb (2)

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ԱԺ էր եկել բարձր տրամադրությամբ՝  արձանագրելու 2017թ-ի իրենց կողմից իրականացված քաղաքականության արդյունքները, մասնավորապես՝ անդրադառնալու Հայաստանի Հանրապետությունում առկա համատարած գնաճին, տնտեսական աճի ցուցանիշներին և դրանց բարելավման համար անհրաժեշտ պայմաններին։

Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ 1,7 տոկոս գնաճը ստեղծված իրավիճակում լրիվ տրամաբանական է և այն արդարացնելու համար Հայաստանի Հանրապետությունը համեմատեց Ադրբեջանի հետ, որտեղ, ըստ վիճակագրական տվյալների՝  գնաճը կազմում է 13 տոկոս։ Սակայն փաստ է, որ  Հայաստանի Հանրապետությունն իր տնտեսական ներուժով, եթե ոչ մի քանի անգամ, ապա գոնե որոշ չափով՝ զիջում է թշնամի երկրին, որի վառ ապացույցը Ադրբեջանի վերջին տարիների ձեռքբերումներն են՝ հատկապես ռազմատեխնիկական առումով։ Ինչևէ, ինչպես ժողովուրդն է ասում՝ ուրիշի փողերը հաշվելու փոխարեն՝ կարելի է զբաղվել սեփական երկրի հասարակության տնտեսական վիճակը բարելավելով։

Կենտրոնական բանկի ղեկավարը նշեց նաև, որ մինչև տարեվերջ՝ գնաճը կհասնի մինչև 2,5 տոկոս, ինչն ավելի քան հիասթափեցնող է այն պարագայում, երբ դեռ մեկ ամիս առաջ հայտնի է դարձել, որ աշխատավարձների բարձրացում՝ 2018 թ.-ին չի լինելու։ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է, դեռ չի նշանակում, որ հայկական դրամի գնողունակությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի բարձր է, քան նույն Ադրբեջանական մանաթը՝ Ադրբեջանի Հանրապետությունում։ Այսինքն՝ այստեղ էականը տվյալ պետությունում սպառողական զամբյուղի արժույթն է, ոչ թե աշխատավարձի չափը։ Ստացվում է, որ Արթուր Ջավադյանը համադրում է փաստեր, որոնք չեն կարող հանգեցնել տրամաբանական եզրակացության, քանի որ իրականում անհամադրելի են։ Ավելին, նա նաև ավելացրեց, որ 2 տոկոս գնաճը դեռ քիչ է, քանի որ մենք տնտեսական աճի հետ կապված խնդիրներ ունենք։ Կարող ենք փաստել մի բան, որ պետության կողմից մշտապես տնտեսական աճի հետ կապված վիճակագրական տվյալները, եթե անգամ դրանք համապատասխանում են իրականությանը, ոչ մի աղերս չունեն քաղաքացու սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, քանի որ եթե չկա աշխատավարձների և կենսաթոշակների բարձրացում և դրան զուգահեռ՝ կա ինֆլյացիա, ապա  ու՞մ է պետք տնտեսության աճը։

Այս ամենին զուգահեռ՝ տեղի են ունենում օպտիմալացումներ՝ առողջապահության, կրթության և պաշտպանության ոլորտում։ Այս ամենը մի արդարացում կարող էր ունենալ  պետականամետ հանրության մոտ, եթե  չաճեր արտաքին պարտքը, այսինքն՝ ներքին ռեսուրսը տրամադրվեր գլոբալ առումով միջազգային հարաբերություններում Հայաստանի դերի բարձրացմանը, ինչն ամուր տրամաբանական կապով կապված է արտաքին պարտքի հետ։

Աշնանն արտահանվող ապրանքների տեսակներն ու ծավալները նվազել են, հատկապես՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, այսիքն՝ Արթուր Ջավադյանի պնդումն առ այն, որ տնտեսական ցուցանիշների աճն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի տնտեսական աճի հետ, ակնարկ էր այն մասին, որ ոչ թե Հայաստանի արտադրանքն է նվազել, այլ Ռուսաստանում է առկա սպառման խնդիր։

Նման գործելաոճով պայմանավորված՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունը հասնել 5 տոկոս տնտեսական աճի: Պատկերացնելը  բարդ է։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի բոլոր տնտեսագետները հավաքված են «հանրապետականի» դրոշի տակ, քանի որ, ինչպես տեսնում ենք, ընդդիմության կողմից չկա ոչ միայն նոր տնտեսական մեխանիզմների առաջարկներ, այլև վերահսկողություն իրականացնելու կարողություն կամ ցանկություն: Դա այնքան էլ էական չէ. փաստն այն է, որ հայ ժողովուրդը գտնվում է տնտեսական բռնաճնշումների և  անբանիմաց տնտեսագետների գերության մեջ։

Վաչիկ Գրիգորյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *