Աշոտ Աղաբաբյանը պարտքերը փակելու համար աճուրդի է հանել «Հրազդան» մարզադաշտի մի մասը

timthumb (2)

«Հրազդան» մարզադաշտը միջազգային բորսաներում հանվել է աճուրդի: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը:

«Մարզադաշտն աճուրդի հանելու լուրը ճիշտ է, բայց քննարկելու խնդիր է: Ոչ թե ամբողջն ենք ուզում վաճառել, այլ որոշ մասը, որպեսզի կարողանանք պարտքերը փակել: Եվ եթե ֆուտբոլ չեն խաղալու, փորձենք սպորտային ժամանացի վայր ստեղծել»,- ասաց Աղաբաբյանը:

Նշենք, որ ԱԺ-ն ընդունել է պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկվեց նաև «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։

Աղաբաբյանը հուսով է՝ սպորտային նշանակության այս շինության համար բարձր գին չեն սահմանի և իրենք կհաշվարկեն իրենց միջոցները ու հնարավոր է՝ սեփականաշնորհեն տարածքը: «Եթե վերագնահատում անեն, նորմալ գին լինի և մենք էլ լավ պարտնյոր գտնենք այդ բորսաներից, շատ հնարավոր է՝ գնենք: Մարզահամալիրի պահուստային մասը մենք 25 տարով վարձով ենք վերցրել, մինչև 2031 թիվը վարձակալ ենք համարվում: Եթե այդ ընթացքում պարտքերը փակենք, այդ տարածքն էլ կփորձենք գնել, միացնել մարզադաշտին»,- նշեց «Հրազդան» տոնավաճառի սեփականատերը:

Աղաբաբյանը նշեց՝ մարզադաշտի հետ կապված նպատակները շատ են. «Մարզադաշտում, միանշանակ, ֆուտբոլ չեն խաղում, խոտն էլ ամբողջությամբ այրվել է: Այստեղ հարկավոր է թեկուզ միջազգային ստանդարտներին համապատասխան լողավազան սարքել, որտեղ մրցույթներ կանցկացվեն, այդպիսի լողավազան չունենք, որ այսքան հանդիսատես ունենա: Կամ՝ ինչո՞ւ ոչ՝ ՖԻՖԱ-ի, աշխարհի առաջնություն եթե լինի՝ տրամադրենք մարզադաշտը»:

Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը 2015 թվականին դատարանի կողմից սնանկ էր ճանաչվել:

«Հրազդան» մարզադաշտը բացվել է 1971 թվականին, խորհրդային ժամանակներում խոշորագույն մարզադաշտերից մեկն էր ողջ Խորհրդային Միությունում։ Հենց այս մարզադաշտում «Արարատ» թիմի ֆուտբոլասերները ականատես եղան ակումբի հաղթանակներին, ինչը հանգեցրել է 1973 թվականին գավաթի հաղթանակի։

Տարողությունը՝ 53600, այդ թվում՝ Յարուս՝ 16900, Հյուսիսային տրիբունա՝ 11750, Հարավային տրիբունա՝ 11750, Արևմտյան տրիբունա՝ 8100, Արևելյան տրիբունա՝ 5100։

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *