Առանց ԵԼՔ-ի և «Լույս»-ի. ո՞ւմ համար է ճանապարհ բացում քաղաքական ապահարզանը

timthumb

Գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆավորիտների առաջին եռյակը կարծես թե լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Այն, որ ԵԼՔ դաշինքից հետո լուծարվում է նաև նորաստեղծ «Լույս» դաշինքը, ինչ-որ տեղ սպասված էր, սակայն, միևնույն ժամանակ, նոր իրավիճակ է ստեղծում նախընտրական գործընթացներում: Իրականում, դաշինքի պատմության գիրկը անցնելու առումով՝ ավելի ճիշտ կլինի օգտագործել կազմաքանդում տերմինը, իսկ գործընթացը միանշանակ ակտիվացրեց նոր Ընտրական օրենսգրքի տապալումը: Էդմոն Մարուքյանի նյարդային կեցվածքը ԱԺ նիստերի դահլիճում, արդեն իսկ վկայում էր, որ օրենսդրական փոփոխությունների միակ տուժողը լինելու է հենց «Լույս» դաշինքը:
Եթե դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը հաշվարկ են կատարել առանձին-առանձին գնալ ընտրությունների և հավաքել 5 տոկոս անցողիկ շեմը, ապա պետք է նկատել, որ դաշինքի ֆորմատով՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Հանրապետության» շանսերը ավելի իրատեսական կլինեին: Երևանի ավագանու ընտրությունները դրա վառ վկայությունն էին՝ 7 տոկոսի շեմը հաղթահարելը պետք է որ բարդ խնդիր չլիներ Փաշինյանի նախկին դաշնակիցների համար:
Իրականում երկու քաղաքական ուժերի ապահարզանը այլևս միանշանակ ապահովելու է ՀՀԿ տեղը նոր գումարման խորհրդարանում: Ինչ վերաբերվում է ճամբարափոխությանը, ապա պետք է նկատել, որ ոչ «Լուսավոր Հայաստան»-ում, ոչ էլ «Հանրապետություն»-ում՝ գրեթե չեն մնացել ձայն բերելու ունակ կադրեր, որոնք կարող են հանգրվանել ՔՊ-ում և օգտակար գտնվել Նիկոլ Փաշինյանի համար: Այս տեսանկյունից, կործանվող նավից որևէ փախուստ, համենայն դեպս՝ մեծ ծավալներով՝ չի գրանցվի:
«Հանրապետություն» կուսակցության շանսերն այս պահին փոքր-ինչ ավելի բարձր են գնահատվում, քան Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժինը: Եթե Արամ Սարգսյանին հաջողվի մինչ ընտրությունները անցկացնել Երկրապահների միության համաժողովը և ընտրվել միության նախագահ՝ նրա քաղաքական ուժի էլեկտորալ հենարանը էականորեն կընդլայնվի: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի կողմից նկատվում է որոշակի ցանկություն՝ ամեն կերպ հետաձգել վերոնշյալ ընտրությունները, գուցե հասկանալով, թե ինչ լուրջ խաղաքարտ է այդ դեպքում հայտնվելու նրա քաղաքական օպոնենտներից մեկի ձեռքում: Արամ Սարգսյանի մյուս կարևոր հենարանը Արտակ Զեյնալյանն է, ում՝ վաղը սպասվող հրաժարականը արդեն անչափ իրատեսական և նույնիսկ տրամաբանական է թվում՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո: Հասկանալի է, որ Զեյնալյանը սկզբունքորեն չի միանա Փաշինյանին: Իր հերթին՝ Փաշինյանն էլ այսօր կադրային լուծումների հարցում շատ ավելի ազատ և անկաշկանդ է և անհամեմատ ավելի մեծ ընտրության հնարավորություն ունի, քան հեղափոխությունից մի քանի շաբաթ անց:
Ինչ վերաբերվում է Էդմոն Մարուքյանին, ապա վերջինիս դրությանը պարզապես չես նախանձի: «Լուսավոր Հայաստան»-ը միայնակ պարզապես ի վիճակի չէ հաղթահարել խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը, քանի որ, ի տարբերություն «Հանրապետություն» կուսակցության՝ չունի լուրջ էլեկտորալ հենարան և ձայն բերող թեկնածուներ, որոնք ռեյտինգային ընտրակարգով կկարողանային օգնել հարազատ կուսակցությանը:
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *