Առաջին լուրջ թերացումը…

timthumb

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան պետությունից դեռևս չի ստացել 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների համար նախատեսված` կուտակային կենսաթոշակային հատկացումները։ Խոսքը ՀՀ պետական բյուջեից նախատեսված կուտակային հատկացումների մասին է:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեից լրատվամիջոցներին պարզաբանել են, որ նոր համակարգի ներդրման արդյունքում շահառուների հաշիվներին ուղղված պետական հատկացումների վերաբերյալ տվյալները չեն երևում։ Բացի այդ էլ, հարկային մարմինը չի հստակեցնում՝ ի վերջո իրենք փոխանցումը կատարե՞լ են, թե՝ ոչ։ Փաստը, սակայն, մնում է փաստ, որ մոտ 300 000 մասնակիցներ զրկվել են իրենց հուլիս և օգոստոս ամիսներին կուտակած գումարների տոկոսներից: Եվ առ այսօր հստակ չէ, թե ով է հանդիսանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի լիազոր մարմինը և ով է փոխհատուցելու չստացված օգուտները:
ՀՀ Սահմանադրական դատարանի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ 2014 թ. ապրիլի 2–ի որոշումը, ի դեպ, փաստում է, որ մարդու իրավունքների ապահովման և պաշտպանության հարցերը չեն կարող ենթադասվել տեխնիկական և կազմակերպչական ցանկացած բնույթի հանգամանքների՝ ինչին մենք այսօր ականատես ենք լինում: Իհարկե, կարելի է հասկանալ, որ հեղափոխությունից հետո պետական համակարգում քաոս էր, սակայն անցել է արդեն չորս ամիս, թավիշը թոթափվում է, իսկ տակը՝ ոչ կոմպետենտության բացահայտ ազդակներ են երևում: Ոչ պակաս կարևոր հարց է, թե ուր են գնացել այդ գումարները: Չի բացառվում, որ դրանք ծախսվել են ոչ նպատակային. մի ավանդույթ, որը Նոր Հայաստանում պետք է որ արմատախիլ արված լիներ: Բացի այդ, իրավիճակի զավեշտը նաև նրանում է, որ խնդիրն առնչվում է կուտակային կենսաթոշակային համակարգին, այն նույն համակարգին, որին գործող իշխանությունները, ընդդիմություն եղած ժամանակ, ընդդիմանում էին որքան ուժ ունեին, իսկ իշխանության գալուց հետո՝ ընդունեցին հալած յուղի պես…
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *