Առաջին նախագահն ամեն ինչ արեց, որ իր ղեկավարած կուսակցությունը 5%-ի շեմը չանցնի. քաղաքագետ

LEVON-1

«Հանրապետականները չափից շատ լուրջ վերաբերվեցին խորհրդարանական ընտրություններին, և, ըստ այդմ, կարող եմ ասել, որ ստացված արդյունքները կանխատեսելի էին իրենց համար: Ինձ համար զարմանալի էր, որ ՀՎԿ-ն չանցավ խորհրդարան, իսկ ՀԱԿ-ի հավաքած ձայների փոքր թիվը քիչ էր կապված էր Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի հետ: Առաջին նախագահն ամեն ինչ արեց, որ իր ղեկավարած կուսակցությունը հինգ տոկոսի շեմը չանցնի»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

 

Քաղաքագետն առանձնացրեց ՀՀ առաջին նախագահի դիրքորոշումները, շեշտելով.«Ես, մի կողմ դնելով գաղափարախոսական մոտեցումները, բարձր եմ գնահատում առաջին նախագահի քաղաքագիտական գիտելիքները, բայց ես նրա վերջին հարցազրույցը չեմ կարողանում հասկանալ և ընդունել: Առաջին նախագահի մոտ Սուրբ Հեղինեի կղզիի սինդրոմ է առաջացել, նա արդեն խոսում է ընդամենը պատմության դասագրքերի համար և սա ողբերգություն է և ցավ: ՀԱԿ-ը լուրջ խնդիրներ է ունենալու Առաջին նախագահի դիրքորոշումների հետ կապված»:

 

Բանախոսն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցաբերած վարքագիծը և նշեց, որ ՀՀԿ-ի հաղթանակի հարցում մեծ էր Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի դերակատարումը: «Մյուս կողմից՝ բացի դրանից, տեխնոլոգիական առումով մեծ էր ռեյտինգային քվեարկության տված հնարավորությունը, քանի որ ռեյտինգային թեկնածուների միջև եղած մրցակցությունն ընդհանուր առմամբ մեծ թվով ձայներ բերեց ՀՀԿ-ին»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ մինչ ընտրությունների ավարտն արված այն կանխատեսումները, թե այս ընտրություններում մեծ դեր են խաղալու ռեսուրսները, ոչ թե գաղափարական մոտեցումները, իրականություն դարձան:

 

Քաղաքագետը, խոսելով խորհրադարանում բաշխվող մանդատների թվի մասին, ասաց, որ ՀՀԿ-ն ստանալու է հիսունութ մանդատ, որը նրան հնարավորություն է տալու միանձնյա որոշումներ կայացնել՝ այնպես, ինչպես նախորդ խորհրդարանում էր: «Դաշնակցությունը մոտ օրերս կկազմի կոալիցիա՝ հաշվի առնելով այս կուսակցության դերակատարումը Արցախի հարցում և սփյուռքում»:

 

Սերգեյ Մինասյանը խոսեց նաև միջազգային դիտորդների կողմից հնչեցված գնահատականների մասին, նշելով, որ վերջին տարիների համեմատ՝ այս անգամ չափից ավելի դրական արձագանքներ եղան և ԵԱՀԿ-ն հաստատեց, որ մարդու ազատ ընտրության իրավունքն ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրություններում հարգվել են:

 

Բանախոսը տեսակետ հայտնեց նաև, որ հետընտրական զարգացուները չեղան, քանի որ ընդդիմադիր ուժերը կարծում էին, որ ադմինիստրատիվ ռեսուրսն ավելի շատ կկիրառվեր և իրենք ակնհայտ փաստեր կունենային դրանք բողոքարկելու, ինչի հնարավորությունը հիմա չունեն: «Մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերը այլևս հոգնել են պայքարելուց և հրաժարվում են պայքարի կոչերից, քանի որ այնքան են թուլացել, որ ուժային առումով չեն կարող լծվել պայքարի գործին»:

 

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *