Արամ Սաթյան․ ստեղծագործական առումով՝ մեզ մոտ կյանքը եռում է

timthumb

Կոմպոզիտորների միության անելիքների, երիտասարդ կոմպոզիտորների առաջ ծառացած խնդիրների և այս հարցում պետության ստանձնած պարտավորությունների մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ:

-Պարո՛ն Սաթյան, Կոմպոզիտորների միությունն այսօր ի՞նչ խնդիրներ ունի, որոնք հրատապ լուծման անհրաժեշտություն ունեն:

-Քանի որ մեր միությունը հասարակական է, մենք բավարար ֆինանսավորում չենք ստանում: Մեր ամենամեծ խնդիրը, թերևս, ֆինանսավորման բացակայությունը կամ պակասն է: Իսկ ստեղծագործական առումով՝ մեզ մոտ կյանքը եռում է, անընդհատ կապերի մեջ ենք աշխարհի տարբեր երկրների հետ: Ստեղծում ենք պրոֆեսիոնալ հիմք, որը նաև կարողանում ենք թելադրել: Ունենք բազմաթիվ ծրագրեր, սակայն շատ հաճախ դրանք իրականություն դարձնելու համար ֆինանսի հայթայթումը դառնում է խնդիր։ Այնպես որ, որպես հիմնական խնդիր՝ ես կառանձնացնեի միության ֆինանսավորման հարցը։
-Մեր երկրում չկա՞ համապատասխան պետական մտածողություն:
-Ավելին է անհրաժեշտ։ Այդ պետական մտածողության զարգացման համար պետք է տարբեր ինստիտուտներ աշխատեն, որոնք, ցավոք, չեն աշխատում:
-Այս պարագայում ո՞րն է Մշակույթի նախարարության առաքելությունը:
-Մշակույթի նախարարությունը զբաղվում է այլ աշխատանքով, ստեղծագործական ոլորտը նրանց տիրույթում չի գտնվում: Մշակույթի նախարարությունը մեզ նման հասարակական կազմակերպությունների ֆինանսավորմամբ պարտավոր չէ զբաղվել: Այդ պարտավորությունը կունենար, եթե, օրինակ, պատվերներ իջեցներ Կոմպոզիտորների միությանը, կամ այլ միությունների այս կամ այն ստեղծագործությունը ներկայացելու համար: Այնպես որ, ֆինանսավորման աղբյուրներ գտնելը, որն ուղիղ կապ ունի պետական մտածողության հետ, դրված է միության վրա:
-Որքանո՞վ է այս միությունը պահանջված, չէ՞ որ ներդրումներ և ֆինանսավորում ստանալու համար նախ պետք է լավ գործեր ներկայացնել, չդոփել տեղում, հեռու չմնալ նորարարություններից:
-Լավ գործեր, իրապես, ներկայացնում ենք, ունենք տաղանդավոր կոմպոզիտորներ, ի դեպ, նաև շատ երիտասարդներ: Մենք անցկացրել և անցկացնում ենք տարբեր փառատոններ: Համերգներ ունեցանք ԱՄՆ-ում՝ Բոստոնում, Նյու Յորքում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Չինաստանում հնչեցին մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները: Դեկտեմբերի 8-10-ը միության կոմպոզիտորները մեկնում են Վրաստան, ունենալու ենք երեք համերգ Վրաստանում: Հայկական երաժշտությունը նվագելու են վրացի կատարողները: Մի՞թե սա վատ է: Մենք մեր անելիքն անում ենք: Պահանջվածը պահանջված ենք, այլ բան է, որ դրա մասին մեդիան այդքան էլ չի խոսում, ցավալի է, որ երբեք մեր աշխատանքը չի լուսաբանվում, այդքան համերգ ունեցանք և դա ամբողջապես չլուսաբանվեց:
-Այսինքն, խնդիր կա նաև տեղեկատվական դաշտո՞ւմ:
-Այո՛, ժամանակակից մեդիան գրեթե չի հետաքրքրվում ժամանակակից մշակութային կարևոր իրադարձություններով, կամ լուսաբանում է շատ քիչ։ Անխոս, ժամանակակից երաժշտութոյւնն ինքնին բարդ է ընկալելը, բոլորը չէ, որ կարող են յուրացնել, նույն թվում և լրատվամիջոցների աշխատակիցները, բայց այն անհրաժեշտ է գոնե հանրությանը հասցնել։ Դա է պատճառը, որ մեր կատարած աշխատանքի մասին շատ քչերը գիտեն:
-Իսկ այստեղ և՞ս Մշակույթի նախարարությունն անելիք չունի. գոնե պետական հեռուսատաընկերության մակարդակով:
-Խնդիրն այլ դաշտում է: Մեդիայում արվեստի լուսաբանման պակասը գալիս է նրանից, որ այսօր պրոֆեսիոնալ երաժշտական խմագիրներ չես կարող գտնել հեռուսատաընկերություններում, բացառություն են, իհարկե, մեկ-երկուսը: Նույնն է իրավիճակը նաև էլեկտրոնային լրատվական կայքերում:
-Այսօր արվեստով հետաքրքվող դոնորներ դժվար է գտնել: Կարողանո՞ւմ եք հայ բիզնեսմենների ուշադրությունը գրավել Կոմպոզիտորների միության ուղությամբ, մեր բիզնեսմեններն արվեստով փող աշխատելու ունակություն ունե՞ն:
-Դոնորներ ունենք, որոշակի աջակցություն ստանում ենք, բայց ինչքա՞ն կարող ենք խնդրել: Մեր բիզնեսմենները պետք է գիտակցեն, որ արվեստի մեջ արված նեդրումն անմիջապես ետ ստանալ հնարավոր չէ, մինչդեռ արված ներդրումն անմիջապես են ուզում ստանալ, բայց, պարզ է չէ՞, որ այդպես չի լինում: Հստակ է մի բան՝ այն, ինչ նոր է ստեղծվում, չի կարող ինքն իրեն ֆինանսավորել: Պետք է ներդնել և սպասել տարիներ, իսկ դրա համար նախ օրենք է պետք: Ես մեր Ազգային ժողովի պատգամավորներին կառաջարկեմ ներդրում անել արվեստի մեջ, չէ՞ որ ողջ աշխարհում փող աշխատելու լավագույն տաբերակներն, ըստ իս, երեքն են՝ զենքի վաճառք, նարկոբիզենես և արվեստ: Առաջին երկուսը՝ մեզանից հեռու։ Այնպես որ, մեր գործարարները պետք է իմանան՝ որտեղ պետք է գումար ներդնել:
 -Պարոն Սաթյան, ցանկացած կառույցում երիտասարդ կադրեր են պետք՝ կառույցին թարմություն, նոր շունչ տալու համար: Այս առումով միությունն ի՞նչ վիճակում է:
-Երիտասարդ կոմպոզիտորներ՝ իհա՛րկե, ունենք: Երիտասարդներ մեզ պետք են, նրանց էներգետիկան շատ կարևոր է և մշտապես նրանց հետ իմ հանդիպումների ժամանակ խորհուրդ եմ տալիս չխուսափել հասարակական աշխատանքից, ինչպիսին պահանջում է Կոմպոզիտորների միությունը. դա պետք է՝ ճիշտ քաղաքացի դառնալու համար: Ես դեռ ղեկավարում եմ այս միությունը, որովհետև դեռ այդ էնեգետիկան ունեմ, սակայն շատ քաջ գիտակցում եմ, որ պետք է գա նոր սերունդ և այդ առումով՝ փորձում եմ պատրաստել նաև ինձ հետևորդներ:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *