Արա Աբրահամյանի մեսիջը. ի՞նչ էր ակնարկում հայերի միության նախագահը

timthumb (3)

Շատերը նկատած կլինեն, որ ՅՈւՆԵՍԿՕի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ, օրերս Երևանում անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով կառուցված ռուս ուղղափառ եկեղեցու բացումը բավական լայն ռեզոնանս  է ստացել հայկական  ԶԼՄ-ներում: Ընդ որում, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, հնչող գնահատականներում նկատվում է միմյանցից տրամագծորեն տարբեր, միմյանց հակադրվող մտքեր. որոշներ, ըստ էության, ելնելով ինչ-որ հետին նպատակներից, ամեն կերպ փորձում են ռուսական եկեղեցու բացումը հակահայկական որակել՝համարելով այն իբր Հայաստանի ինքնուրույնությունը ևս մեկ անգամ նվաստացնող  քայլ և այլն:

Արա Աբրահամյանը լրագրողների հետ ունեցած իր ճեպազրույցում, ուր նաև անդրադարձ էր կատարվել այս թեմային,   բավական լուրջ ու խորքային ուղերձներ է փորձել հղել  հանրությանը՝ պարզաբանելով նաև այն հինական նպատակն ու գաղափարը, որն ընկած է եկեղեցու բացման հիմքում: Աբրահամյանի մեսիջն, ըստ էության, մեկն է. եկեղեցին խորհրչանշելու է հայ և ռուս ժողովուրդների անխախտելի բարեկամությունն ու մարմնավորելու է այն ընդհանուր արժեհամակարգը, որն ընկած է երկու ժողովուրնդների հարաբերությունների հիմքում: Իրականում, ընդառաջ գնալով ռուսական կողմին՝ Հայաստանը ոչ թե հրաժարվում է իր ինքնուրույնությունից  կամ, առավել ևս, սեփական դեմքից, այլ ամրապնդում է այն կապերը, որոնց միջոցով է նաև հնարավոր դառնալու մեր երկրի առաջընթացը: Ավելին՝ Աբրահամյանի խոսքից պարզ է դառնում, որ նա, ինչպես ոչ ոք, հատկապես կարևորում է Հայաստանի ինքնուրույնության ամրապնդումը ոչ թե խոսքերի, այլ ռեալ գործերի մակարդակով, որի պարագայում է միայն հնարավոր դառնալու հավասար պայմաններում երկխոսություն ծավալել ցանկացածի հետ:

Ակնհայտ է, որ Հայաստանի հզորացման նվիրական գործը որևիցե կերպ չի կարող գլուխ գալ, եթե երկիրը ինտեգրվելու փոխարեն միտված է լինելու կղզիացման: Գործընկերների հետ հարաբերությունները խորացնելով, նրանց վստահությունն ու համակրանքը վաստակելով է, որ հնարավոր է դառնալու բարձրացնել Հայաստանի սուվերենության մակարդակն, այլ ոչ թե ընդհակառակը: Վերջիվերջո, ո՞ր երկիրն է այսօր համարվում առավել ինքնուրույն կամ իրենից ինչ-որ բան ներկայացնող:

Միայն այն երկիրը, որն անշեղորեն ընթանում է զարգացման ուղիով, որի տնտեսությունը ծաղկում է, որտեղից ոչ թե հեռանում են, այլ ուր  շտապում են վերադառնալ: Հանդիսանո՞ւմ է, արդյոք, այսօր Հայստանն այդպիսի երկիր, իհարկե՝ ոչ, հանգամանք, որը չի կարող մտահոգություն առաջ չբերել: Կա՞ն, արդյոք, այսօր ուղիներ, այս իրավիճակը շտկելու, ճահճից երկիրը դուրս բերելու համար: Իհարկե՝ կան:

Պարզապես հարկավոր է հմտորեն օգտվել  ընձեռնված հնարավորությունից, կենտրոնացնել ռեսուրսներն ու ստեղծել Հայաստանի՝ որպես վստահելի գործընկերոջ անսխալ իմիջ: Նույն Եվրասիական տնտեական համաժողովի կազմակերպման ողջ իմաստն ու նպատակը կայանում էր դրանում. Հայաստանն աշխարհին ներկայացնել միանգամայն այլ գույներով, ի ցույց դնել օտարներին մեր երկրի հնարավորություններն ու տեսանելի դարձնել առավելությունները: Իսկ անել դա առանց համապատասխան մթնոլորտ ապահովելու, անել դա առանց հավելյալ կամուրջներ կառուցելու՝ ուղղակի չի ստացվի:  Բոլորին պետք է պարզ լինի մեկ բան՝  առանց ընդհանուր արժեքների ցանկացած միություն՝ լինի աշխարհաքաղաքական, թե  աշխարհատնտեսական, չի կարող կայանալ: Հետևաբար, եկեղեցու կառուցումը, բացի  իր հոգևոր նշանակությունից, որն, անկասկած, չափազանց կարևոր է, ունի նաև այլ, միգուցե շատերի աչքի համար անտեսանելի խորքեր:

Խելացի գտնվելու պարագայում մենք կարող ենք, ունենք իրական պոտենցիալ՝ մեծացնելու սեփական կշիռը ԵՏՄ-ում, դառնալ դրա տնտեսական կենտրոններից մեկը: Կկարողանա՞նք օգտվել մեզ ընձեռնված հնարավորությունից, ուրեմն՝ կբռնենք դարի քննությունը, չենք կարողանա, կգտնվենք նեղմիտ՝ կշարունակենք անվերջ թվացող դեգերումները: Սա է իրականությունը, ու սրա դեմ ոչ ոք չի կարող հակափաստարկ ներկայացնել՝ անկախ անձնական նախասիրություններից…

 

Էռնեստ Ջանփոլադյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *