Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է. Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության մասին

timthumb (8)

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին: Ընթրիքին մասնակցել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչներ: Ընթրիքի պատվո հյուրն էր Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը: Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին:

«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշելով և Հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ փորձելու է ներգրավել Թուրքիայի նախագահ Էրդողանին կանոնավոր երկխոսության մեջ. «Երբեմն ի հակառակ լրատվամիջոցների ցանկությունների»: «Ես նրան ասել եմ այն ամենն, ինչ կա: Մեր արդյունքն այս պարագայում մի շարք լրագրողների ազատ արձակումն է: Թուրքիայի հետ երկխոսության վերաբերյալ բազմաթիվ լավ հիմնավորված կասկածներ կան, սակայն իմ կարծիքով արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ուղերձը դատարկության մեջ ուղղված խոսք չէ»,- նշել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը ջերմորեն ողջունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին՝ նշելով, որ վերջինիս ձայնը հնչում է երբեմն անհավասար միջավայրում, սակայն այն շատ ավելի կարևոր է, քան շատերի բարձրագոչ հայտարարությունները:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *