Արդյո՞ք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Ադրբեջանում գտնվող Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամներին, ովքեր վերջին օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհը:

«Կարեն Ղազարյանի ծնողների դիմումը ստացել եմ, հանձնարարել եմ, որ այդ հանդիպումը կազմակերպեն: Կինս երկու անգամ այցելել է այդ ընտանիքին, երբեք էլ այդ հարցը մեր ուշադրությունից դուրս չի եղել: Սակայն նրանց ակցիան հարցեր առաջացրեց, թե ում դեմ էր ուղղված այն, եթե Ադրբեջանի իշխանությունների, ապա ինչո՞ւ է փակվում այդ ճանապարհը, որի փակումն ընդհանրապես Ադրբեջանի ռազմավարական նպատակներից մեկն էր: Եթե մեր դեմ էր ակցիան, թե ինչու բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, ապա հարց է ծագում, թե ինչու է այդ դեպքում վարչապետի կինը երկու անգամ այցելում նրանց: Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, ապա, այո, բայց արդյոք այդ գործընթացը պետք է համապատասխան լինի Հայաստանի շահերին: Սրանք հարցեր են, որոնք պարզ չեն: Նույն կարգավիճակում գտնվող տղա էլ ունենք Ադրբեջանում, ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակվում, որովհետև որբանոցի տղա՞ է, մենք ա՞յս տրամաբանությամբ ենք աշխատում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանն առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում: «Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 20 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է: «Որևէ մեկը մտածում է, որ ինչ-որ բան կարող էինք անել՝ չե՞նք արել. դա ճիշտ չէ: Ես կհանդիպեմ Կարեն Ղազարյանի ծնողներին և կխոսեմ անկեղծ մեր հայրենակիցների հետ»,- ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *