Արդյո՞ք չեք ուշացել…

timthumb (4)

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 20–ից արգելվել է Սևանա լճում ձկների որսը: Մինչդեռ նախապատրաստական աշխատանքները դեռևս նոյեմբեր ամսից էր պետք սկսել, որպեսզի այդ ձկները կարողանային հասնել ձվադրավայրեր։ Ամիսներ շարունակ՝ փողոցներում ամեն քայլափոխի վաճառվող Սևանի թարմ և ապխտած սիգը վկայում է այն մասին, որ Սևանա լճից անխնա որս է իրականացվել։ Տիգրան Մեծ, Խանջյան և Խորենացի փողոցներում սիգն ազատ վաճառվում էր, և փողոցներում կարգ պահպանող որևէ ոստիկանի ուշադրությունն այն չի գրավում։
Դեկտեմբերը սիգի համար ձվադրման շրջան է համարվում, սակայն բացահայտ և անարգել վաճառվում է ամենուրեք: Խոսքը ոչ միայն ձկան մասին է, այլև ձկնկիթի: Ակնհայտ է, որ Սևանա լճում կառավարելի որս գոյություն չունի, պատասխանատուները պետք է վերահսկողություն իրականացնեն, պատկան մարմինների համար այս հարցի լուծումը պետք է առաջնահերթ լինի, հակառակ դեպքում՝ կհայտնվենք նույն «կոտրած տաշտակի» առաջ: Բնապահպանության նախարարությունը և տեսչությունը, ըստ երևույթին, այնքան էլ հետևողական չեն իրենց իսկ տված հրահանգների կատարման վերահսկողության նկատմամբ: Դեռ ամռանը` բնապահպանության նախարարի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ, հայտարարվել էր ձկան անօրինական որսն ու վաճառքն արգելելու անհրաժեշտության մասին, սակայն այս ամենը կամ դեմագոգիա էր, կամ էլ պատշաճ վերահսկողության չի արժանացել:
Ի դեպ, շատ է խոսվում այն մասին, որ սիգի վաճառքի թույլտվությունը ներքին կարգով տվել է Երևանի քաղաքապետարանը: Վաճառականները պնդում են, որ մինչև հունվար իրենց ժամանակ է տրվել, դա էլ հասկանալի է՝ ընտրություններից առաջ մի քանի հարյուր ձայնը ավելորդ չէր լինի: Գուցե հենց այդ համատեքստում էլ աչք են փակում նաև մյուս գերատեսչությունները, չնայած, արդարության համար պետք է նշել, որ վերջին օրերին վերոնշյալ կառույցները արթնացել են և տեսչական ստուգումներ սկսել: Սակայն արդյո՞ք ուշ չէ…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *