Արդյոք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին. Մորգենթաուի թոռան հոդվածը WSJ-ում

timthumb (5)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետք է քաջություն ցուցաբերի՝ հռչակելու ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Դա հստակ ազդակ կլինի ողջ աշխարհում իշխանության ղեկին գտնվող մարդասպաններին՝ ասելու, որ նրանց հանցանքները չեն մնա աննկատ: Այս մասին The Wall Street Journal-ում հրապարակված «Արդյոք Թրամփը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին» խորագրով հոդվածում գրել է Ռոբերտ Մորգենթաուն:

Նա հոդվածը սկսել է ֆաշիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի խոսքերով, ով 1939 թվականին Լեհաստան ներխուժելու ժամանակ, երբ հրամայում էր իր հրամանատարներին մահվան դատապարտել լեհական ծագում ունեցող տղամարդկանց, կանանց ու երեխաներին, նա ընդգծեց, որ աշխարհը դեմ չի լինի՝ ասելով. «Ով է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

«Այդ խոսքը վերաբերում էր օսմանյան թուրքերի կողմից 1915 թվականի սկզբներին հայ բնակչության համակարգված ոչնչացմանը: Համաշխարհային տերությունները փոքր դիմադրություն ցուցաբերեցին տեղի ունեցող կոտորածներին: Ավելի ուշ, Թուրքիայի վճռական հերքումը դա դարձրեց «մոռացված ցեղասպանություն»:

Թուրքիան՝ ԱՄՆ ենթադրյալ դաշնակիցը, դեռևս հրաժարվում է առերեսվել իր պատմությանը: ԱՄՆ կառավարությունը ևս ձախողել է հայերի ոչնչացմանը տալ արժանին: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները ենթարկվեցին թուրքական ճնշմանը և ձախողեցին  հաստատել պարզ մի փաստ՝ հայերի կոտորածը պատմության հասարակ դժբախտություն չէ, դա համակարգված ցեղասպանություն է»,- նշում է հեղինակը:

Ռոբերտ Մորգենթաուն ընդգծում է, որ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը կարծես ազդարարում է նոր ժամանակաշրջանի մեկնարկ: «Դա ինձ լավատեսորեն է տրամադրում, որ ԱՄՆ-ն կարող է նման կերպ ճանաչել նաև Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը: Փաստերը համոզիչ են: Հազարամյակներ շարունակ հայերը բնակվել են Արարատ սարի ստվերում, որը այսօր արևելյան Թուրքիայում է: Իր պատմության ընթացքում քրիստոնյա փոքրամասնությունը մեծամասամբ բնակվել է մուսուլման հարևանների հետ խաղաղության մեջ: Սակայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց անկում ապրել, հայերը հայտնվեցին ճնշումների թիրախում: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, թուրքերը հնարավորություն տեսան լուծելու Հայկական հարցը»,- նշում է հեղինակը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմները՝ հայերի շրջանում առաջնորդների և մտավորականների ձերբակալությունները, այնուհետև մնացած քաղաքացիների «մահվան երթերը» դեպի սիրիական անապատ:

Հեղինակը նշում է, որ իր համար այդ ժամանակագրությունը չի սահմանափակվում միայն պատմության գրքերով, քանի որ իր հայրական պապը՝ Հենրի Մորգենթաուն ԱՄՆ դեսպանն էր Օսմանյան կայսրությունում, երբ այդ սարսափելի դեպքերը սկսեցին տեղի ունենալ: Թեպետ դեսպանը քայլեր ձեռնարկեց դա կանխելու համար, սակայն թուրքերը հայտարարեցին, որ հայերը ԱՄՆ քաղաքացիներ չեն և դա դեսպանի մտահոգության առարկան չպետք է լինի:

«Ամեն տարի ապրիլին նախագահը հայտարարություն է տարածում հայերի դեմ իրականացված կոտորածների վերաբերյալ: Սակայն ենթարկվելով թուրքական ճնշմանը՝ այդ հայտարարությունը երբեք չի պարունակել «ցեղասպանություն» եզրույթը: Դա պետք է փոխվի:

Ես չեմ թերագնահատում նրանց մտահոգությունները, ովքեր ասում են, թե Թուրքիայի զայրույթը կարող է աշխատել ԱՄՆ շահերի դեմ՝ ճիշտ այնպես, ինչպես չեմ հերքում նրանց, ովքեր ասում են, թե դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելով կբարդանան խաղաղության շուրջ բանակցությունները: Սակայն արդար աշխարհի կարգը չի կարող կառուցված լինել կեղծիքի և երկիմաստության վրա: Թող նախագահ Թրամփը ևս մեկ անգամ ի ցույց դնի իր հանձնառությունը՝ հռչակելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Սա հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհի գերտերությունների մարդասպաններին՝ ասելու՝ ձեր հանցանքները չեն կարող աննկատ մնալ»,- եզրափակել է հոդվածը Մորգենթաուն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *