Արթիկում անտուն մնացած բնակիչներին կտեղավորեն հյուրանոցում. նոր մանրամասներ

timthumb (1)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ գիշեր Արթիկ քաղաքում Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է, շենքը վերից վար ամբողջությամբ ճաքել է, տեղի է ունեցել քարաթափում: ԼՈւՐԵՐ.com-ը փլուզված շենքի և տարհանված քաղաքացիների հետագա ճակատագրի վերաբերյալ փորձեց տեղեկատվություն ճշտել Արթիկի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ արդեն հստակեցված են վերջնական տվյալները, ըստ որոնց, փլուզման օրը գիշերը շենքից դուրս է բերվել 20 հոգի՝  6 ընտանիքի անդամներ, իսկ շենքի  4 բնակարանների դռներն էլ փակ են եղել, դրանցում բնակիչներ չեն եղել:

Հարցին՝ Արթիկի քաղաքապետն ու մարզպետարանը լուծման ի՞նչ տարբերակ են առաջարկել անտուն մնացած շենքի բնակիչներին, մեր զրուցակիցը պատասխանեց.  «Այս պահին Արթիկի քաղաքապետը մարզպետարանի համապատասխան ներկայացուցիչների հետ քննարկում է տարհանված բնակիչներին կեցության վայր տրամադրելու հարցը: Քանի որ քաղաքապետարանը նման արտակարգ դեպքերի համար չունի ո՛չ հանրակացարան, ո՛չ  կեցության համար նախատեսված այլ բնակավայր, ուստի, ամենահավանական տարբերակը բնակիչներին հյուրանոցում տեղավորելն է»:

Հարցին՝ քաղաքապետարա՞նն է հոգալու բնակիչներին հյուրանոցում տեղավորելու ծախսերը, վերջինս պատասխանեց. «Ֆինանսական բեռը կկիսեն քաղաքապետարանն ու մարզպետարանը համարտեղ»:

ԼՈւՐԵՐ.com_ին ԱԻՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին նաև,որ քարաթափման գիշերը շենքից դուրս բերված բնակիչներից թվով 11 հոգի՝ 4 ընտանիքի անդամներ, նորից ետ են գնացել իրենց բնակարանները: Այս մասին օպերատիվ տեղեկատվությունը հունիսի 23-ի առավոտյան Կառավարության նիստում վարչապետին զեկուցել է նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այդ քաղաքացիների հետ, սակայն, տարվել է բացատրական աշխատանքներ և նրանք հավաքել են իրենց իրերը, հեռացել են իրենց բնակարարններից և այս պահին գտնվում են բարեկամների տներում»: 

Թե անտուն մնացած բնակիչներն ի՞նչ պայմաններում կհայտնվեն և քաղաքապետարանն ու մարզպետարանը լուծման ի՞նչ տարբերակ կառաջարկեն  նրանց ԼՈւՐԵՐ.com-ը հետամուտ կլինի և կներկայացնի իր ընթերցողին:

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *