Արթուր Բաղդասարյանի փրկության գինը

timthumb (10)

Վանաձորում դասական իշխանափոխության փոխարեն տեղի ունեցավ սովորական դավաճանություն. Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցությունը դադարեցրեց բոյկոտը և Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ քաղաքի կառավարմանը մասնակցելու հուշագիր ստորագրեց: Ավագանու արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանը 20 ձայնով նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ: Ինչ վերաբերում է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի դիմաց բոյկոտից հրաժարվելու քայլին, ապա ՀՎԿ-ն պատճառաբանում է, որ կազմալուծվել է Վանաձոր քաղաքի բնականոն գործունեությունը, անտեսվել են Վանաձորի բնակիչների խնդիրները, քաղաքում ձևավորվել է անառողջ մթնոլորտ, իսկ իրենք, լինելով վանաձորցիների ավելի քան 20 տոկոս քվեն ստացած ավագանիներ, գնում են իրագործելու վանաձորցիներին տրված խոստումները:
Մամուլում տեղեկություններ կան, որ ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն էժան չի նստելու վանաձորցիների և ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վրա։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՎԿ-ն չի բավարարվելու առաջին փոխքաղաքապետի պաշտոնով: Նա պահանջել է նաև մանկապարտեզների, սպորտդպրոցների տնօրենների, քաղաքապետարանի բաժնի պետերի և այլ աշխատողների աթոռներ: Բացի պաշտոնները՝ ՀՎԿ-ականները նաև գերեզմանների տեղեր են ուզել, քանի որ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի:
Կրկին քաղաքական պայմանավորվածությունները գերեզման են մտնում, երբ դրանցով զբաղվում է Արթուր Բաղդասարյանը: Ինչպես հիշում ենք` առաջին անգամ Արթուր Բաղդասարյանը դավաճանի պիտակին արժանացավ 2007 թվականին` ԱԺ ընտրություններից առաջ, եւ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Ինչպես հայտնի է, այն ժամանակ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակել էր «Մարկո Պոլո» սրճարանում ձայնագրված՝ Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի զրույցը, որտեղ, ըստ հրապարակման, Բաղդասարյանը փորձում էր փոխդեսպանին ներգրավել ԱԺ ընտրություններին` դրանց վերաբերյալ բացասական գնահատականներ ստանալու համար։ Մի կողմ թողնենք, որ ընտրություններն իրոք խայտառակ էին։ Հարցը, սակայն, հետագայում այդ խոսակցության վերաբերյալ հնչեցված գնահատականների մեջ է։ 2007-ի ապրիլի 27-ին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնում է այս զրույցին եւ հետեւյալ հայտարարությունն է անում. «Դժվար է պատկերացնել, որ խորհրդարանի նախկին նախագահը կարող էր այդքան ցածր իջնել։ Ես իրավաբան չեմ եւ չեմ ուզում իրավաբանական տերմիններ օգտագործել, բայց ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է։ Ավելին, դավաճանության այլանդակ դրսեւորում՝ այնքանով, որքանով ՕԵԿ-ի նախագահին ոչ թե բռնել են, խոշտանգել եւ ստիպել, այլ ինքը, իր սեփական նախաձեռնությամբ, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ, օտարերկրյա դիվանագետին համոզում էր ամեն ինչ անել, որ ընտրությունները վատ գնահատական ստանան։ Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»։ Ապա Քոչարյանը դիմել էր ընտրողներին եւ «Օրինաց երկիր»-ի շարքային անդամներին` կոչ անելով լավ մտածել, թե ում հետ են ուզում ճանապարհ գնալ։
Իսկ ի՞նչ եղավ այս ամենից հետո։ Բաղդասարյանը որպես ընդդիմադիր մասնակցեց ԱԺ ընտրություններին, հետո` նախագահական ընտրություններին, իսկ մարտիմեկյան սպանդից մեկ օր առաջ` նույն այդ իշխանությունների հետ, ովքեր իրեն դավաճան պիտակն էին կպցրել, ստորագրեց կոալիցիոն հուշագիր, հետո էլ դարձավ ԱԽՔ։ Այն ժամանակ նա հայտարարեց, որ երկիրը փրկում է քաղաքացիական պատերազմից: Հիմա էլ այլ անվան տակ հանդես եկող նրա թիմն ասում է, թե ճգնաժամից փրկում է Վանաձորը: Բայց փաստն այն է, որ այդ փրկության գինը եղել և մնում են պաշտոնները: Իսկ ի՞նչ են այս անգամ խոստացել Բաղդասարյանին: Գուցե ՍԴ նախագահի պաշտո՞նը, ինչպես պնդում են մի շարք լրատվամիջոցներ: Բայց արդյո՞ք ՀՎԿ-ն իր առաջնորդով ՀՀԿ համար այդչափ կարևոր է, և արդյո՞ք նրանք կգնան նման զոհաբերությունների: Իհա՛րկե ոչ, հատկապես, որ ՍԴ նախագահի պաշտոնի վրա վաղուց աչք ունի Հրայր Թովմասյանը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *