Արմավիրում զանգվածային թունավորումից հետո ՍԱՊԾ-ն կասեցրել է Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը

timthumb

Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ):

Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրականացվող միջոցառումների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, վերահսկողական գործողություններ են իրականացվում նաև Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարող «Ալկա Ֆուդ» ՍՊԸ-ում:

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել:

Արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *