Արտագաղթը Հայաստանը կուլ է տալիս, իսկ Գագիկ Եգանյանը հեռացողների թիվը վտանգավոր չի համարում

timthumb (4)

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ վերջին տարիներին Հայաստանից արտագաղել են բավական մեծ թվով քաղաքացիներ և արտագաղթի այս տեմպը անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար. «Ես համամիտ չեմ, որ արտագաղթի տեմպերն այդքան վտանգավոր են, մյուս կողմից՝ չկա նաև վերջին տարվա վիճակագրությունը, թե 2016 թվականին քանի մարդ է գնացել Հայաստանից: Այստեղ պետք է նշեմ նաև, որ միգրացիոն գործընթացը միայն արտագաղթը չէ»: 

Գերատեսչության ղեկավարն արտագաղթի տեմպերից խոսելուց առաջ խորհուրդ  է տալիս ծանոթանալ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի կողմից կատարված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, որն այս պահին իր մեջ պարունակում է ամենաթարմ տեղեկատվությունն արտագաղթի տեմպերի վերաբերյալ:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը չունի վիճակագրական տեղեկատվություն և ինչո՞ւ է Հայաստանից արտագաղթի տեմպերի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարում Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Բայց այդ համալսարանը սոցիոլոգիական հարցումներն ու համապատասխան ուսումնասիրությունը կատարում է ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցներով»:

Հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ պետական բյուջեից միջոցներ հատկացվում Հայ-ռուսական սլավոնական համալսարանին, չկա՞ն այլ սոցիոլոգիական կենտրոններ, որոնք կարող են նման վիճակագրություն վարել, Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Նման վիճակագրություն վարել, նշանակում է լրացուցիչ միջոցներ ծախսել, ինչի հնարավորությունը մենք չունենք, նրանց մեր բյուջեից է գումար հատկացվում»:

Գագիկ Եգանյանի ղեկավարած գերատեսչությունը չունի նաև տվյալներ այն մասին, թե Ռուսաստանի կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության շնորհիվ ՀՀ քանի քաղաքացի է մեկնել այդ երկիր մշտական բնակության:

-Նման թվեր մենք չունենք,-ասում է Միգրացիոն պետական ծառայության պետը՝ շեշտելով, որ համամիտ չէ մամուլում հրապարակված լուրերի հետ. «Այդ թվերն աղետաբեր չեն և «այդ տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանը կարող է դատարկվել» դիտարկման հետ համաձայն չեմ»,-վստահեցնում է Գագիկ Եգանյանը՝ Հայաստանից ամեն տարի 30.000 մարդու արտագաղթը վտանգավոր չհամարելով:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *