Արտակ Զեյնալյանի թիվ 1 խնդիրը սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանե՞լն է

timthumb (3)

Մեր երկրի արդարադատության համակարգի մասին շատ դժվար է որևէ դրական բան ասել: Բոլոր ժամանակներում երկու ոտքից կաղ այս ոլորտը ավելի շատ խնդիր է ունեցել կայանալու, քան պայքարելու արդարության և օրենքի հաստատման համար: Եվ երբ իշխանության եկած նոր ուժերն առաջին իսկ օրերից սկսեցին վստահեցնել, թե իրենց գլխավոր նպատակը լինելու է հենց համընդհանուր արդարադատության սերմանումը, դառը փորձ ունեցողներն ընդամենը քմծիծաղ տվեցին: Իրականում ի՞նչ է արել հիշյալ համակարգը նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ՝ անցած երկու ամիսների ընթացքում: Կարելի է ասել՝ ոչինչ: Իհարկե, Արտակ Զեյնալյան գործիչը հանրության շրջանում ունի տարիների ընթացքում ձևավորված դրական իմիջ, սակայն Զեյնալյան նախարարը կարծես դեռևս ամբողջությամբ «խաղի մեջ» չի մտել՝ չի տիրապետում համակարգում առկա խնդիրներին և չի էլ շտապում դրանց լուծում տալ:

Մասնավորապես, վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են հնչում քրեակատարողական հիմնարկներում տիրող աղետալի վիճակի մասին, և այդ վիճակը բարելավվելու միտում դեռևս չունի: Կալանավորները և նրանց հարազատները տասնյակ բաց նամակներ են հղել նախարարին՝ խնդրելով լուծում գտնել տարրական մարդկային արժանապատվությունը նվաստացնող և առողջությանը վնասող երևույթների համար: Մասնավորապես՝ կալանավայրերի գերբնակեցմանը, շորթումներին (կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում՝ յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ, որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց խոսքով՝ «ավելի վերև»), ինչպես նաև գոյատևման համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայությանը: Անգամ տեղեկատվություն տարածվեց, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի կալանավորները դիմել էին գերբեռնված խցերում՝ թեկուզ ջրով օդորակիչ տեղադրելու խնդրանքով, որը, սակայն,  մերժվել է հենց նախարար Զեյնալյանի կողմից: Իսկ ո՞վ, եթե ոչ իրավապաշտպան Զեյնալյանը պետք է մտահոգված լիներ մարդու իրավունքների այս կոպտագույն խախտումները վեր հանելու, պատժելու և համակարգից իսպառ վերացնելու ուղղությամբ: Փոխարենը նա անչափ կարևոր զբաղմունք է գտել՝ օրենսդրական փոփոխություն է առաջարկում ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկվում է  քրեորեն պատժել ֆիզիկական և պաշտոնատար այն անձանց, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում: Եթե բացենք սրա փակագծերը, ապա ստացվում է, որ այսուհետ Զեյնալյանի թեթև ձեռքով միասեռականներին, այլասերվածներին ու այդ խմբի մյուս ներկայացուցիչներին թթու խոսք ասելու, շեղ հայացքով նայելու դեպքում դաժան պատիժն անխուսափելի է լինելու: Ստացվում է՝ Զեյնալյանը համակարգի բոլոր հրատապ հարցերը լուծել է, մնացել է սեռական փոքրամասնությունների  հարմարավետությունը և իրավունքների պաշտպանությունը:

Միգուցե նա վստահ է, որ խնդիրներն ինքնաբերաբար պետք  է լուծվեն, առանց իր գործուն մասնակցության, սակայն չի գիտակցում, որ կան համակարգային խնդիրներ, որոնք կուտակվել են տարիներ ի վեր և չեն կարող լուծվել ձեռքի հետ, այսպես ասած՝ հեղափոխական էյֆորիայով: Ինչպես հպարտորեն նշվում էր նախարար Զեյնալյանի կենսագրությունում, նա տիրապետում է հայերենին, ռուսերենին, ֆրանսերենին: Ինչ խոսք՝ շատ լավ է, սակայն նախարար լինելու համար ցանկալի է տիրապետել նաև գերատեսչությունում և համակարգում առկա խնդիրներին…

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *