Արտաքին ուժերը փորձում են օգտվել Իրանում ստեղծված իրավիճակից. իրանագետ

timthumb (2)

Դեկտեմբերի 28-ից մինչ օրս Իրանի մի շարք քաղաքներում անցկացվում են զանգվածային ցույցեր, որոնց հետևանքվ մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել: Օրերս լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին, ով իբրև թե կասկածվում էր ցույցեր կազմակերպելու մեջ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը, խոսելով տարածված լուրերի մասին, նշեց, որ գործ ունենք ապատեղեկատվության հետ՝ հաշվի առնելով այն, որ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբան Ադել Հեյդարին պաշտոնապես հերքել է Իրանի իսլամական հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերին աջակցելու համար Ահմադինեժադի ձերբակալության մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները:

«Գործ ունենք ապատեղեկատվության հետ, որը սպրդել է ոչ թե Իրանի ներսից, այլ տարածվել է արտաքին միջամտությամբ: Նկատենք, որ Ահմադինեժադի ձերբակալության մասին լուրերը տարածել է արաբալեզու մի կայք: Սա նշանակում է, որ Իրանի ուղղությամբ աշխատում են վերջինիս թշնամիները, հավանաբար՝ Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Ամերիկան, և տեղի ունեցող զարգացումները բխում են հենց այս պետությունների շահերից, որոնք փորձում են ամեն կերպ պղտոր ջրում ձուկ բռնել»,- ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով ձերբակալության լուրերի տարածման պատճառներին՝ իրանագետը նշեց, որ դրանք կարող են կապ ունենալ այն բանի հետ, որ վերջին շրջանում լարված են Ահմադինեժադի ու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հարաբերությունները. «Սա հայտնի փաստ է, որն արծարծվում է  նաև իրանական լրատվական դաշտում: Ամբողջ դեկտեմբեր ամսին նրանք փոխադարձ մեղադրանքներ, հայտարարություններ հնչեցրին միմյանց հասցեին: Սակայն պետք է արձանագրել, որ դեկտեմբերի 28-ից սկսած, ցույցերի հետ կապված որևէ հայտարարություն՝ Մահմուդ Ահմադինեժադի կողմից, չի արվել, թեև դրանից մեկ օր առաջ վերջինս հստակ ուղերձ էր ստացել հոգևոր առաջնորդից, ով հայտարարել էր, թե չի կարող լինել նման բան, երբ մեկը լինի իշխանության, երկու շրջան կառավարի որպես նախագահ, այնուհետև հանդես գա ընդդիմադիր դիրքերից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ըստ էության՝ ուղերձը ընկալվել է Ահմադինեժադի կողմից և որևէ հայտարարություն, մեկնաբանություն՝ նրա կողմից այս ընթացքում չի արվել:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից փորձում են օգտվել արտաքին ուժերը. «Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարը օրեր առաջ հանդես եկավ հայտարարությամբ և ակնարկեց, որ այս ամենի հետևում կարող է լինել Ահմադինեժադը: Իսկ արտաքին ուժերը ցանականում են օգտագործել ստեղծված պահը՝ Իրանում նոր ցույցեր բորբոքելու համար, և որպեսզի սկիզբ առած բողոքի ցույցերը չմարեն»,- նշեց իրանագետը:

Տոնոյանը նկատեց՝ թեև Ահմադինեժադին մեղադրանք կա առաջադրված, բայց հարուցված քրեական գործ, ըստ որի նա մեղադրվում է ցույցեր կազմակերպելու և «անկարգությունների հրահրման» մեջ՝ գոյություն չունի:

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *