Արտեմ Ասատրյանը՝ մեծ սկանդալի կիզակետում…

ԱԱ

Չնայած ի սկզբանե Հայաստանում ոչ ոք Կառավարության հայտարարած հակակոռուպցիոն պայքարի հետ հույսեր չէր կապում ու հիմա էլ առանձնապես սպասելիքներ չունի, բայց մի օգուտ, այնուամենայնիվ, ունեցավ այս կասկածելի նախաձեռնությունը. դրա շրջանակում «ջրի երես դուրս եկան» ևս մի քանի աղաղակող փաստեր՝ ապացուցող այն պարզ ճշմարտությունը, որ իրականում մեր երկիրը նման անբարեհույս վիճակում է հայտնվել՝ պայմանավորված ոչ այնքան օբյեկտիվ, որքան՝ սուբյեկտիվ պատճառներով:

Իսկ սուբյեկտիվ պատճառներից ամենագլխավորը, թերևս, հենց չարաբաստիկ կոռուպցիան է, որը, առանց չափազանցության, վերածվել է համազգային աղետի:

Ինչպես փաստում են ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից անցկացված համապատասխան ուսումնասիրությունները՝ մեր երկրում ամենայուղոտ գերատեսչություններից են դարձել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները, որոնց պետերը թաքնված օլիգարխների են վերածվել՝ կեղեքելով սոցիալապես ամենաանապահով խավին, գրպանելով ահռելի պետական միջոցներ:

Այսպես՝ համապատասխան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, մասնավորապես, Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը, տարիներ շարունակ զբաղեցնելով սոցապի պետի պաշտոնը, հասցրել է բառի ուղիղ իմաստով միլիարդատեր դառնալ, մի քանի տուն ու օբյեկտ կառուցել, ՌԴ-ում բիզնես հիմնել, ինչը բավական տարօրինակ կերպով դուրս է մնացել պատկան մարմինների ուշադրությունից:

Ինչպես գիտեք, այս կարևորագույն ոլորտի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է՝ մարդ, ով սովորություն ունի իր կողմից տրվող հարցազրույցներում շրջանցել սուր հարցերը, չանդրադառնալ իր կողմից ղեկավարվող ոլորտում տեղ գտած աղաղակող խախտումներն ու կոռուպցիոն դրսևրոումները՝ խոսելով բացառապես ձեռքբերումների ու նմանատիպ այլ հաճելի բաների մասին (եթե, իհարկե, ձեռքբեումներ առհասարակ կան):

Ինչո՞ւ է նախարարը նման գործելաոճ որդեգրել, ո՞վ կարող է ասել, ինչո՞ւ է նա հաճախ խուսափում պատասխանել լրագրողների՝ «ձանձրալի» հարցերին՝ վերաբերող իր ոլորտի կոռուպցիոն դրսևորումներին: Լա՛վ, մի՞թե այս երկրում կոռուպցիայի դեմ պայքարող միակ մարդը Իշխան Զաքարյանն է, ինչո՞ւ ենք միայն հիմա իմանում այն մասին, որ տարիներ շարունակ ոմն Հարությունյան, ակնհայտորեն յուրացնելով խեղճ մարդկանց հասանելիքը, կարողացել է այնպիսի հարստություն դիզել, որին կնախանձեր անգամ ամենահղփացած օլիգարխը. ուր էր Արտեմ Ասատրյանը, ինչո՞ւ էր թույլ տալիս, որ իր ենթական զբաղվի պետական փողերի յուրացմամբ…

Ցանկացած նորմալ երկրում միայն այս դեպքը բավարար կլիներ, որպեսզի նախարարությունը ծայրից ծայր ենթարկվեր կադրային ջարդի, հեռացվեին համապատասխան պաշտոնյաներ, իսկ չարաշահում թույլ տվածն էլ կանգներ դատարանի առաջ: Բայց այս ամենը՝ նորմալ երկրներումում, իսկ մեզ մոտ, պարզվում է, նույն այդ Հարությունյանը ոչ միայն չի ենթարկվելու որևիցե պատասխանատվության, այլև պատրաստվում է անգամ Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին. ինչո՞ւ, որովհետև ակնհայտ է՝ ամենևին էլ միայնակ չի եղել իր չարագործություններում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *