Արևմուտքի գնահատականը ՝ «թավշյա հեղափոխությանը»

timthumb

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած ԱՄՆ և ԵՄ դեսպանները թեկուզև տողատակով, սակայն անչափ ուշագրավ մեսիջներ են հղել Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հաղթանակի կապակցությամբ: ԱՄՆ դեսպան Միլսը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել նոր կառավարության հետ, որն իրենից կներկայացնի ժողովրդի միասնականության և համախմբվածության մեծագույն ձեռքբերում:

Հասկանալի է, որ Հանրապետական կուսակցության այս կամ այն ձևաչափով վերարտադրությունը չէ, որ ԱՄՆ-ը դիտարկելու է իբրև մեծագույն ձեռքբերում, հետևաբար, սա հեղափոխության արդյունքում երկրի ղեկավարումը ստանձնած որակապես և բովանդակային տեսանկյունից նոր իշխանությունների հետ համագործակցելու համաձայնություն է, որը հայտնում է ամերիկյան կողմը: Գրեթե նմանատիպ հայտարարություն է արել նաև մեր երկրում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ հետ համագործակցությունը կշարունակվի էլ ավելի լայն թափով: Բնական է, որ Սվիտալսկին քաջ գիտակցում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական տրանսֆորմացիաների ողջ խորությունը և հասկանում է, որ այն քաղաքական կոնֆիգուրացիան, որը մինչ օրս փորձում էր պահպանել իշխող՝ Հանրապետական կուսակցությունը՝ գոյություն չունի: Հետևաբար, ԵՄ հետ կնքված համաձայնագրի իրականացումը մնում է նոր իշխանություններին և Սվիտալսկին չի կասկածում, որ այն հաջողությամբ կիրագործվի: Այսօր արևմտյան դեսպանները փաստացի իրենց աջակցությունը հայտնեցին այն հանգուցալուծմանը, որը սպասվում է մոտակա օրերին:

Ներկայում սպասվում է մի գործընթաց, որը Նիկոլ Փաշինյանը բնորոշել է իշխանության անցնցում անցում: Նիկոլ Փաշինյանը պետք է սկսի բանակցել Կարեն Կարապետյանի հետ՝ ապրիլի 25-ից, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, այսպես ասած՝ չեզոք գոտում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո քայլերի հաջորդականությունը, որ ակնկալվում է իշխանությունից կամ պահանջվում: Առաջինը՝ յոթ օրվա ընթացքում խորհրդարանում նոր վարչապետի ընտրությունն է, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է լինի ժողովրդի թեկնածուն: Համենայն դեպս, այլ թեկնածուներ այս պահին ասպարեզում չկան: Անկախ նրանից՝ ով կգա իշխանության, անչափ կարևոր է լինելու համաշխարհային ուժային բևեռների՝ ԵՄ, ԱՄՆ-ի, ՌԴ աջակցությունը և համագործակցության պատրաստակամությունը նրանց հետ:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *