Բագրատաշենի մաքսակետում ԱՊՊԱ իրականացնող միակ ընկերությունը դադարեցրել է գործունեությունը

timthumb

«Թոփ-Սփին» ապահովագրական ընկերությունը Բագրատաշենի մաքսակետի տարածքում երեկվանից՝ հունվարի 9-ից, դադարեցրել է գործունեությունը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հասարակական գործիչ Վարուժան Բաբաջանյանը:

«Ինձ տեղեկացրին, որ այդ ընկերությունն այլևս մաքսատան տարածքում չի գործում: Կարծես թե նրանց մյուսների հետ հավասար պայմաններ են առաջարկել: Ըստ երևույթին` լուծարվել է գործունեության պայմանագիրը կամ առաջարկել են համարժեք տարածք այնտեղ, որտեղ գործում են մյուս տնտեսվարողները, այսինքն` մաքսատան վարչական տարածքից դուրս»,- ասաց Բաբաջանյանը:

Նրա կարծիքով՝ ցուցարարների պահանջը կատարված է, և եթե այս պահին բողոքի ակցիան դադարեցված է, ուրեմն խնդիրը կարելի է համարել լուծված:

Նշենք, որ վերջին օրերին Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ հավաքվում էին ԱՊՊԱ իրականացնող ընկերությունների աշխատակիցները և բողոքում անհավասար պայմաններից, ինչի արդյունքում անգործ են մնացել։ Բանն այն է, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն էր կատարում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, իսկ մաքսակետի հարակից տարածքում տարիներ շարունակ գործող ապահովագրական 6 ընկերությունների 70-80 աշխատող գործազուրկ էին մնացել: Մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ նախորդ ամսվանից՝ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն ստացել էր արտոնություն մյուսների նկատմամբ՝ իր գործունեությունն իրականացնելով անցակետի տարածքում։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *