Բաղրամյան 26-ի գողությունն ու հակասական հաղորդագրությունները. ինչ-որ բան այն չէ

timthumb (4)

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամ: 

Լուրը բավականին բուռն արձագանք ստացավ, քանի որ սրան նախորդած ավազակային հարձակումները ուժային կառույցների պաշտոնյաների տների վրա՝ արդեն իսկ տարակուսանք էին առաջացրել հասարակության շրջանում այն իմաստով, որ եթե ուժայինները չեն կարողանում պաշտպանել իրենք իրենց, ինչպե՞ս պետք է պաշտպանեն հասարակ քաղաքացուն:

Վերադառնալով Բաղրամյան 26-ի դեպքին՝ նախ նշենք, որ տվյալ մասնաշենք մուտք գործելու համար անհրաժեշտ է հավատարմագրում կամ հայտավորում, այցելուներին ստուգում են անվտանգության աշխատակիցները և նոր միայն ուղեկցում մասնաշենք: Նկատենք, որ մասնաշենքն ամբողջությամբ վերահսկվում է տեսախցիկներով: Սակայն չնշել չենք կարող,որ շատ հաճախ անվտանգության նույն աշխատակիցները այցելուներին ելքի ժամանակ չեն ստուգում:

Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի,  պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործէ հարուցվել, ինչպես նաև  հարցաքննվել են 2 տասնյակից ավել անձինք: Նույն հաղորդագրության մեջ ասվում  է, որ  հունվարի 30-ին գողացված հուշամեդալները  հունվարի 31-ին վերադարձրել են:

Ուշագրավ է այն, որ քիչ առաջ ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Էդգար Ջանոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում միայն նշեց, որ ստացել են ահազանգ և կատարվում է նախաքննություն: Վերջինս հավելեց, որ այլ մանրամասների չեն տիրապետում: Մինչդեռ Քննչական կոմիտեն նշում է, որ դեռ երեկ են վերադարձրել հուշամեդալները:

Արդեն իսկ երկու վարկած է շրջանառվում, որ ամենայն հավանականությամբ, գողություն կատարած անձը եղել է կամ ներսի աշխատակից, կամ հավատարմագրված/հայտագրված անձանցից մեկը, որոնք հունվարի 30-ին ներկա են եղել Բաղրամյան 26-ում տեղի ունեցած ՀՀ կառավարության անդամների երդման արարողությանը: Այս պահին նախաքննությունը շարունակվում է և դեպքի մանրամասները պարզվում են:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *