Բարեգործությո՞ւն, թե՞ դրամաշորթություն…

2013 թ.-ի փետրվարի 1-ին մեկնարկած «Ավան 4» աշխատանքային անվանումը կրող բազմաբնակարան համալիրը ս.թ հունիսի 28-ից պատրաստ է ամբողջական շահագործման: Ծրագիրն իրականացվում է բացառապես իշխանական կամ իշխանական վերահսկողության տակ գտնվող օղակների կողմից։ Մասնավորապես, ծրագրի հեղինակն է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ –ն, որի նախագահն է Սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ Սերժ Սարգսյանն է: Ծրագիրն իրականացվում է «Արարատ բանկի» ֆինանսավորմամբ։

Մինչեւ 35 տարեկան, ամուսնացած, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց համար նախատեսված այս ծրագիրն իրականում դրամաշորթության հսկայական օջախ է: «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» դրական քողի տակ խնդրահարույց փաստեր են թաքնված: «Ավան 4» բազմաբնակարան համալիրն իր հասցեատերերին հասնելու ճանապարհին բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում:

Ի սկզբանե, գնորդներին տրամադրված տան հատակագծերի և վերջնական հատակագծերի մեջ լուրջ տարբերություններ են նկատվում:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում սեփականատերերից Տիգրան Բարսեղյանը պատմեց. «Որոշ դեպքերում տների բնակմակերեսները ավելացել են մինչև 5 քառակուսի մետրով, ինչը հավելյալ խնդիրների առաջացման լուրջ նախադրյալներ է ստեղծում: Առաջանում է պայմանագրով չնախատեսված գումարների փոխանցման խնդիր, իսկ հաշվի առնելով պետական ծրագրի շրջանակներում բնակարանների շուկայականից ցածր գինը, բնակարանների տերերը վախենում են կորցնել բնակարանը, քանի որ նույնիսկ փոխհատուցման տրամադրման դեպքում նրանք համարժեք բնակարաններ չեն գտնի և ստիպված վճարում են հավելյալ գումարներ»:

Բարսեղյանը հավելեց, որ վերջի շրջանում նոր խնդիրներ են առաջանում նույնիսկ բնակարանի սեփականության վկայականի և գրավադրման փաստաթղթերի ձեռքբերման հետ կապված։

Գրեթե 11 մլրդ դրամ արժեցած «Ավան 4» համալիրը՝ չնայած իր դրական բնույթին, «պետհովանու» շնորհիվ պատուհաս է դարձել գնորդների գլխին։ Հետայսու «պետհովանու» ներքո իրականացվող բոլոր ծրագրերից օգտվելուց մեզ պետք է հետապնդի «սրանք որտեղ են ուզում ինձ քցեն»-ի ուրվականը։

Միքայել Նազարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *