Բացելով Սանկտ Պետերբուրգում քննարկվածի փակագծերը

ալիևսա

Հունիսի 28-ին, ինչպես արդեն հայտնի է, ԱԳՆ շենքում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը՝ փակ ձևաչափով:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հիշյալ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ Սանկտ Պետերբուրգում ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել, «բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը»:

Եթե թերթի այս տեղեկություններն իրականությանը համապատասխանում են, ապա դրանից միակ հետևությունն այն է, որ իրականությանը չեն համապատասխանում Էդվարդ Նալբանդյանի ասածները: Այս մասին վկայում է, նախ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունն ամբողջությամբ, թե մասամբ (այդ հանգամանքը դեռ պետք է ճշտել) ներկայացնող մամուլի հաղորդագրությունը (http://www.president.am/hy/press-release/item/2016/06/20/President-Serzh-Sargsyan-meeting-with-Presidents-o-Russia-Azerbaijan )’ հրապարակված ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: Դրանում սևով սպիտակի վրա գրված է. «Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում»:

Խոսքն, ինչպես մամուլի հաղորդագրության համատեքստից է ակնհայտ, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակմանը, այսինքն’ քննարկմանը:

Հայտնի է, որ շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը, որը նախատեսվում է իրականացնել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերահսկողության մեխանիզմ ներդնելով, միջազգային դիտորդներ տեղակայելով, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակն ավելացնելով, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից չէ: Առանցքային հարցերն են ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը և իրացումը (ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունք), Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» հարգումը (տարածքային ամբողջականության սկզբունք) և մեր հայրենիքի ազատագրված տարածքները, որոնք ոչ միայն փաստացի, այլև Արցախի Սահմանադրությամբ դե յուրե ԼՂՀ տարածքն են հանդիսանում, Ադրբեջանին հանձնելը, ուժի չկիրառումը (ուժի չկիրառման սկզբունք):

Ահա հենց վերոնշյալ հարցերի շուրջ է Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում: Եթե նույնիսկ համարենք, որ շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը դիտարկվում է որպես ուժի չկիրառում և այդ առումով հանդիսանում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարց, ապա պետք է նկատի ունենանք, որ հիշյալ պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշված է ոչ թե առանցքային հարցի, այլ հարցերի շուրջ տեղի ունեցած մտքերի հանգամանալից փոխանակման մասին:

Հասկանալի է, որ ոչ միայն ՀՀ նախագահի, պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, այլև հիշյալ հայտարարության վերաբերյալ Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ հնարավոր չէր թաքցնել բանակցությունների կամ քննարկումների այդ կարևոր մասը, և իրականությունն արտահայտվել է պարզապես առանց նշելու մանրամասները, այսինքն’ առանց բացելու ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակման փակագծերը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հիշյալ հայտարարության մեջ նշված է նաև. «Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու համար»:

Իսկ մասնավորապես ո՞ր հարցերի կապակցությամբ են փոխըմբռնման հասել, ինչո՞ւ այս մասին չի հայտնվում, եթե չկա այդ տեղեկությունները հանրությունից թաքցնելու միտում: ՀՀ արտաքին գործերի նախարար Էղվարդ Նալբանդյանը կամ ՀՀ համապատասխան որևէ պաշտոնյա պետք է հստակ հայտնեն, թե մասնավորապես ո՞ր հարցերի կապակցությամբ են պետությունների ղեկավարները փոխըմբռնման հասել, որպեսզի անորոշությունից բխող կասկածներին, շահարկումներին վերջ տան:

Հետաքրքիր է, թե Իլհամ Ալիևը ո՞ր հարցերի կապակցությամբ է ըմբռնել Սերժ Սարգսյանի տեսակետները, ընդհանրապես նման բան եղե՞լ է… Եվ ո՞ր հարցերի կապակցությամբ է, որ Սերժ Սարգսյանն ըմբռնել է Ալիևին…

Արթուր Հովհաննիսյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *