Բա գրողի բիզնեսին ինչո՞ւ չեք օժանդակում

timthumb (2)

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, այսօր, ամփոփելով ՀՀ Գրողների միության գործունեությունը 2017 թվականին, նշեց, որ  միության կողմից իրականացված ծրագրերի, սփյուռքի և արտերկրի գրողների հետ համագործակության և այլ առումներով՝ այս տարին շատ հաջող է եղել:

«Թարգմանական գրականության վերաբերյալ մեր համաժողովի ժամանակ քննարկվեցին այն խնդիրները, թե ինչը թարգմանել, ինչպես թարգմանել, հայկական գրականությունն ինչպես օտար լեզուներով թարգմանել, և որ տիպի գրականությունը՝ մասնագիտակա՞նը, թե՞ գեղարվեստականն է ավելի շատ մեծ պահանջված»,— ասաց նա:

Բանախոսի խոսքով՝ այդ առումով շատ լավ է վիճակը մեր հարևան Իրանում: Տարեկան 10-ից ավելի հայ գրողի ստեղծագործություն է թարգմանվում ու հրատարակվում պարսկերենով: «Իրանի հետ տարբեր ժանրերի գծով ունենք ծրագրեր, այս տարի հրատարակեցինք Հայաստան եկած իրանցի դրամատուրգների ժողովածուն, իրենք էլ իրենց հերթին՝ տպագրեցին հայ դրամատուրգների ժողովածուն»,- ասաց Գրողների միության նախագահը:

Անդրադառնակլով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ՌԴ-ում հրատարակվող  «Литературная газета»-ն էջեր է տրամադրում հայ գրողներին, ովքեր իրենց ստեղծագործություններն են ներկայացնում ռուսերեն լեզվով: Նրա խոսքով՝  Վրաստանի հետ ևս կան հրաշալի կապեր:

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին՝ ինչպե՞ս է միության նախագահը գնահատում կրթության, գիտության, մշակույթի նկատմամբ պետության դիրքրոշումը, Միլիտոնյանը պատասխանեց. «Կրթություն, գիտություն, սպորտ.  այս երեք ասպարեզները հային ամբողջ աշխարհում ներկայացնող ամենակարևոր մակարդակներն են, ու կրճատել այդ ոլորտների բյուջետային մասը, կնշանակի վտանգի տակ դնել, թե մենք ինչ մակարդակով ենք ներկայանում և կկարողանա՞նք արդյոք ներկայանալ աշխարհին»:

Մեր դիտարկմանը՝ որ երեկ «Արմենիա» հեռուսատաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ պետական աջակցությունն այս ոլորտներում չի կրճատվում, պարզապես մեծացել են պաշտպանական ոլորտին տրվող հատկացումները,  Է. Միլիտոնյանը պատասխանեց. «Պաշտպանական խնդիրները մեր երկրի աշխարհագրական դիրքից ելնելով, իհարկե, առաջնահերթ են, բայց դա չպետք է մյուս երեք կարևոր ոլորտները հետին պլան մղի: Թեև նախագահն ասել է, որ կրթության ոլորտում կրճատում չի դիտվել բյուջեի առումով, և ուղղակի բյուջեի մեծ մասը վերահասցեավորվել է պաշտպանության ոլորտին, սակայն երկրի անվտանգութունը պաշտպանողին նաև կրթություն է պետք, մշակույթ, որ նրա մեջ արթուն լինի հայրենասիրական ոգին: Այդ ոգին ապահովողը մշակույթն է, գիտությունը»:

ճշտող հարցին՝ որքանո՞վ են հայ մեծահարուստները հետաքրքվում իր նշած երեք կարևոր ուղղություններով, Հայաստանի գրողների միության նախագահը պատասխանեց. «Շատ քիչ, ոչ այնքան շատ, որքան անհրաժեշտ է: Ասում են՝ փոքր բիզնեսին պետք է աջակցել. բա գրողի բիզնեսին ո՞վ պետք է աջակցի, չէ՞ որ դա էլ մեր բիզնեսն է: Վերջերս անցկացված մարաթոնի ժամանակ պարզ դարձավ, որ գուցե որոշ մեկենասներ օգնում են սպորտի, այլ ոլորտներոում, բայց դա շատ քիչ է: Արվեստագետը պետք է ունենա հնարավորություն՝ իր ստեղծագործությունը հասցնելու հանրությանը: Ասում ենք՝ քիչ ենք կարդում: Հեռուստատեսությամբ քիչ է խոսվում այս կամ այն գրքի, գրողի մասին, դրա համար էլ քիչ են կարդում: Քիչ են մշակութային հաղորդումները, գրական հաղորդումներ ընդհանրապես չկան: Այս ամենը խնդիրներ են, որոնք պահանջում են պետական քաղաքականություն և մոտեցում»: 

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *