Բիշքեկյան ձախողումը…

timthumb (3)

Բիշքեկում ընթացող ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում չի ստորագրվել Իրանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի ժամանակավոր գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը:

 

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը չի ստորագրվել, քանի որ ԵԱՏՄ երկրներին չի բավարարել Իրանի պատասխանը: Ինչպես գիտենք, Իրանը ԵՏՄ-ի հետ կապող օղակ համարվում է Հայաստանը, հետևաբար, կարող ենք արձանագրել, որ Երևանի նախաձեռնությունը Բիշքեկում տապալվեց, ինչը իր հերթին բազմաթիվ նոր գլխացավանքներ է առաջացնելու տնտեսական առաջընթացի հույսերով ապրող Հայաստանի համար:

 

Բանն այն է, որ Հայաստանն այսօր չի կարող Իրանի հետ երկկողմ տնտեսական հարաբերություններ կառուցել, ազատ առևտրային գոտի ստեղծել՝ առանց ԵՏՄ մյուս երկրների համաձայնության, քանի որ ընդհանուր տնտեսական միավորման անդամ է: Հերթական անգամ, ԵՏՄ գործընկերների քմահաճույքի պատճառով, Հայաստանի ռազմավարական շահերից բխող նախագիծ է տապալվում:

 

Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները առանց այդ էլ տուժել էին ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունից հետո: Իրանից Հայաստան ներկրվող ապրանքների մի զգալի մասի նկատմամբ կիրառվում է նոր՝ զգալիորեն ավելի բարձր մաքսատուրք, որն է՛լ ավելի է նվազեցնում մեր երկու երկրների միջեւ, առանց այդ էլ՝ ոչ այնքան ակտիվ առեւտուրը: Քաղաքական իմաստով՝ Իրանն առանձին երկկողմանի կապեր ունի ԵՏՄ անդամ-պետությունների հետ. համագործակցում է Ռուսաստանի հետ առանձին, Հայաստանի հետ՝ առանձին: Իսկ տնտեսական առումով՝ ԵՏՄ հետ հաստատված կապերն ավելի արդյունավետ կլինեին երկու կողմերի համար էլ:

 

Սա կլիներ քայլ առաջ՝ ԵՏՄ անդամ պետությունների հետ քաղաքական երկկողմ հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից: Հատկապես ԵՏՄ շրջանակներում՝ Իրանի հետ տնտեսական համագործակցությունը Հայաստանի համար շատ ձեռնտու կլիներ: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ այն բացառիկ երկիրն ենք, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի: ՌԴ համար էլ տնտեսական համագործակցությունը շահավետ կլիներ՝ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները, որոշակի առումով, խզելու պարագայում: Թուրքական արտադրանքի որոշակի հատվածն Իրանը կարող էր լրացնել ռուսական շուկայում: Օգուտները բազմակողմ էին լինելու, սակայն արի ու տես , որ ԵՏՄ-ի սրտով չէր Իրանի պատասխանը: Թե ինչպիսին էր այդ պատասխանը, մնում է միայն գուշակել…

 

Թերևս մեր սխալը կայանում էր նրանում, որ ի սկզբանե՝ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերության զարգացման հույսը Իրան-ԵՏՄ ֆորմատի հետ կապելը նշանակում էր զբաղվել ինքնախաբեությամբ եւ ժամանակի կորստով: Հայաստան-Իրան տնտեսական հարաբերության զարգացման հեռանկարը բոլորովին այլ աշխարհաքաղաքական եւ տնտեսաքաղաքական վեկտորում է: Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, փաստացի, հուշ դառնալու հեռանկարի առաջ է դնում հայ-իրանական ամբողջ հարաբերությունը, արմատապես փոխելով դրա ռազմավարական բնույթը եւ առնվազն մատնելով տեւական կորստի եւ կախելով այն ԵՏՄ փլուզումից:

 

ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները տեղում դոփում են. եթե մինչ այդ ապրանքաշրջանառությունը տարեկան 300 մլն դոլար էր, ապա այժմ նույնպես մոտավորապես այդքան է: Այդ առումով՝ բարելավում հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԵՏՄ-ն և Իրանը ստորագրեն ազատ առևտրի համաձայնագիրը, որով Իրանի և ԵՏՄ երկրների միջև մաքսատուրքերը կզրոյացվեն: Այդ հեռանկարն այս պահին զրոյական է: Հետևաբար, Հայաստանը պետք է վերանայի առաջնահերթությունները և հիմնականում ուշադրություն դարձնի Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի զարգացմանը և Իրանի և ԵՄ-ի միջև կապող օղակ դառնալու հնարավորությանը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *