Բնակչության հանդեպ անազնիվ կլինի վարկ վերցնել ու տալ թոշակ և աշխատավարձ. Վարդան Արամյան

timthumb (2)

Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, կառավարությունը նախ ցանկանում է կայունացնել տնտեսական հնարավորությունները և պոտենցիալը: «Դրա հիման վրա մենք ձեռնամուխ կլինենք սոցիալական նոր պարտավորությունների ստանձնմանը: Կարևորագույն ոսկյա կանոնն է՝ երբ մեկ անգամ դու ստանձնում ես սոցիալական պարտավորություն, քո սեփական եկամուտների միջոցով պետք է ունակ լինես անընդհատ վճարել և՛ թոշակները, և՛ աշխատավարձերը: Հակառակ պարագայում, եթե տնտեսական պոտենցիալն ու կարողությունները դեռևս թույլ են, խիստ վտանգավոր է գնալ այդ քայլին, քանի որ, եթե չկարողանաս ապահովել միջինում 4 կամ 5 տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի ընթացիկ պարտավորություններդ ապահովես, ստիպված ես լինելու վարկ վերցնել ու տալ թոշակը և աշխատավարձը, ինչի դեպքում մեր բնակչության հանդեպ նվազագույնը կլինենք անազնիվ»,-ընդգծեց Արամյանը:

Կառավարության հաստատած նախագծով հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Դեֆիցիտը լինելու է մոտ 157 միլիարդ դրամ՝ այս տարվա 150 միլիարդի փոխարեն: Արամյանը նշեց, որ 2018-ի դեֆիցիտի շուրջ 80 միլիարդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ մնացած մասը՝ արտաքին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *