Բնապահպանները դժգոհ են. վարչապետն իրավիճակին չի տիրապետում

timthumb (2)

«Ամուլսարում մենք բնապահպանական ճգնաժամ չենք ունենալու» Ազգային ժողովում մի քանի օր առաջ՝ վարչապետի կողմից արված այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել բնապահպանների շրջանում: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ բանախոսներ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, փորձագետ, Civil Voice ՀԿ Խորհրդի անդամ Սեյրան Մինասյանը իրենց վրդովմունքն արտահայտեցին վարչապետի հայտարարության հետ կապված։

Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենց վրդովեցրեց այն, որ վարչապետն առանց հանրության հետ խոսելու նման հայտարարություն արեց․ «Մենք լուրջ խնդիր ունենք, քանի որ Ամուլսարում ունենք հսկայական հազվագյուտ բուսատեսակներ, թռչունների տեսակներ։ Ուստի՝ պատրաստվում ենք դիմել վարչապետին և ներկայացնել ռիսկերը: Եթե մեզ հնարավորություն տրվի, մեր մասնագետները պատրաստ են անձամբ գնահատել ռիսկերը և ներկայացնել, քանի որ վարչապետը հայտարարեց, թե ռիսկեր չկան, այնինչ դրանք կան ու շատ լուրջ են»։

Նրա խոսքով՝ բնապահպանության նախարարության պատասխանն ուղղակի զավեշտալի է․ «Մեզ ասում են ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Մեզ ներկայացնում են մի փաստաթուղթ, որն ասում է, եթե շատ կարևոր է հանքի աշխատանքը, և, եթե կան լուրջ պաշարներ, ապա մենք կարող ենք կենդանական աշխարհի համար ստեղծենք որոշակի պայմաններ և նրանց տեղափոխենք մեկ այլ տարածք։ Աակայն ես նկատառում ունեմ, որ մեր երկիրը ԱՄՆ-ն չէ, որ մեզ ներկայացնում են այս փաստաթուղթը։ Թույլ տվեք հիշեցնել, որ Հայաստանը փոքր երկիր է և այն ունի տարատեսակ լանդշաֆտ։ Անել այս գործողությունը Հայաստանի տարածքի վրա ուղղակի անհնարին է»,— ասաց Ադամյանը՝ ավելացնելով, որ բոլոր կենդանաբանները, բնապահպանները միաձայն պնդում են՝ դա անընդունելի գործընթաց է։

Ադամյանը նշեց, որ բնապահպանության նախարարությանն իրենք ասել են, որ փաստաթուղթը իրավական ուժ չունի․ «Այս մասին մենք ասել ենք բնապահպանության նախարարին, սակայն նա գերադասեց վերցնել 5 մլն դոլար, որպեսզի այն տարածքում որտեղ հանք է շահագործվում, ստեղծի ազգային պարկ»։

Սեյրան Մինասյանին սակայն վարչապետի հայտարարությունը չի զարմացրել․ «Վարչապետի հայտարարության մեջ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, բոլոր վարչապետներն էլ նման հայտարարություններ հնչեցրել են՝ կապված Թեղուտի, Ախթալայի, Ալավերդու հետ, և այս վարչապետը ևս հետ չմնաց մյուսներից», — ասաց նա՝ ավելացնելով, որ Ջերմուկի հանքավայրը գին չունի, դա ժողովրդի ունեցվածքն է, ոչ թե՝ իշխանության:

«Երեք աննշան վայրեր են ուսումնասիրել և հայտարարում են, թե Ամուլսարի ջրերը կապ չունեն Ջերմուկի ջրերի հետ։ Մի քանի կազմակերպություններով միավորվել, գնացել, նմուշներ ենք վերցրել, հիմա հետազոտությունների փուլում է, որից հետո արդյունքները կներկայացնենք վարչապետին»,- եզրափակեց Մինասյանը։

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *